ՀայՓոստն ընդլայնում է իր դեղատնային ցանցը: Գործարկվում է ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի երրորդ դեղատունը 0028 փոստային բաժանմունքում, հասցեն՝ Կիեւյան 4:«Այն համայնքներում, որտեղ չկան դեղատներ, բնակիչները կարող են պատվիրել անհրաժեշտ դեղեր կամ դեղատնային ապրանքներ՝ օգտվելով տուն առաքման ծառայությունից կամ ստանալ դրանք մոտակա փոստային բաժանմունքում, ինչը համահունչ է նաեւ մեր որդեգրած համայնքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին»,- նշել է բացման արարողությանը ներկա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ ասել է, որ ստեղծվող դեղատնային ցանցն ավելի հասանելի եւ հարմարավետ է դարձնում ընկերության ծառայությունները. «Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել ՀայՓոստ Մեդի դեղատուն, ինչպես նաեւ պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում եւ այլ մարզկենտրոններում»:ՀայՓոստի Կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանն էլ հայտնել է, որ ՀայՓոստ Մեդը համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ. «Մենք անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը եւ դեղատնային ապրանքները լինեն որակյալ եւ մատչելի: ՀայՓոստ Մեդը ավելացնում է ոչ միայն դեղատների թիվը, այլեւ դեղերի եւ դեղատնային ապրանքների տեսականին»:ՀայՓոստ Մեդ դեղատանը կարելի է գտնել նաեւ մանկական սնունդ, կանացի հիգիենայի եւ խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ եւ այլն: Դեղատանը սպասարկում են որակավորում ունեցող եւ բանիմաց աշխատակիցներ, ովքեր գրագետ խորհրդատվություն են տրամադրում: ՀայՓոստը գործարկել է նաեւ դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ եւ ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: ՀայՓոստ Մեդ դեղատունը աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաեւ Երեւան քաղաքում: Tweet Դիտում՝ 4338