ՊԵԿ-ը գործարկել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

16.03.2022 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսային հայտարարագիր
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) մեկնարկել են բարեփոխումները:

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչեւ ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր եւ անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները:

«Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով:

Նախնական մաքսային հայտարարագրով էապես հեշտացել է ներմուծման գործընթացը: Եթե նախկինում ապրանքի բացթողնման գործառույթը օրեր է տեւել, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչեւ 2 ժամ: Տնտեսվարողը, միաժամանակ, մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է ստանում: Մասնավորապես՝ նրանք կարող են նախնական մաքսային հայտարարագրերի մաքսային ձեւակերպումներն իրականացնել ցանկացած օր, 24 ժամյա աշխատանքային ռեժիմով, առանց որեւէ լրացուցիչ վճարների:

Բացի այդ, նախնական մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքները ներմուծող տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանը հատելու հետ կապված մաքսային գործառնությունները եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող այլ գործառնությունները կիրականացվեն հենց սահմանային մաքսային կետերում, ընդ որում՝ արտահերթ: Նախնական մաքսային հայտարարագրերով ձեւակերպված ապրանքների զգալի մասի բացթողումն իրականացվելու է անմիջապես սահմանային կետից:

Այս դեպքում տնտեսվարողը կարող է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը եւ անմիջապես տնօրինել այն: Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլեւս կարիք չի լինի դրանք տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ կխնայվեն տնտեսվարողի ֆինանսական միջոցները, ժամանակը: Այսպիսով, նախնական մաքսային հայտարարագրով ներմուծված ապրանքների բացթողնման գործընթացը կիրականացվի ավելի արագ:

Նորամուծությունից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները: Մասնավորապես՝ հայտարարատուն պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկ վճարող: Մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում հայտարարատուի կողմից ներմուծվել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում՝ ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 եւ ավելի տոկոսը ձեւակերպված լինի ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Հայտարարատուն պետք է ունենա նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախնական մաքսային հայտարարագիր հարկավոր է ներկայացնել ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության նախնական մաքսային հայտարարագրերի հսկողության բաժին  060-841-170 (ներքին 11-83) հեռախոսահամարով կամ advance_declaration@customs.am էլ․ փոստի միջոցով։
Դիտում՝ 3466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW