Որոշ երկրներ ռուս-ուկրաինական առճակատումից հետո կանխիկ տարադրամի արտահոսքի վրա սահմանափակումներ են կիրառել։ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ այս փուլում տարադրամի արտահոսքի սահմանափակումների խնդիր չկա։Նա նշել է, որ ԿԲ-ի եւ բանկային համակարգի գործընկերների կողմից որոշակի լուծումներ տրվել են։ Մարտին Գալստյանն ասել է նաեւ, որ ե՛ւ ՀՀ բանկերը, ե՛ւ ԿԲ-ն այսօր ունեն կանխիկի բավարար պաշար։«Մենք կարծում ենք, որ ադմինիստրատիվ լծակներ կիրառելու կամ որոշակի որոշումներ կայացնելու կարիք այս պահին չկա։ Բանկերը ռազմական գործողություններ սկսելուց մեկ շաբաթ հետո որոշումներ կայացրեցին որոշակիորեն սահմանափակել կանխիկացումը ոչ ռեզիդենտների քարտերից, որը, սակայն, հանվեց։ Որոշում էր կայացվել նաեւ ռուսական ռուբլով ոչ ռեզիդենտների հաշիվ բացելու պարագայում ներհոսքի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ, որովհետեւ, բանկերի մտավախությունների համաձայն, հավանականություն կար, որ ռուբլին կարող էր ներհոսել Հայաստան, վերածվել կանխիկ արտարժույթի ու արտահոսել Հայաստանից։ Կարծում եմ՝ բակերը բավական խելամիտ ու հավասարակշիռ գործողություններ են իրականացնում»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 4064