ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն իր գործիքակազմով նպաստելու է, որ միջնաժամկետ հատվածում գնաճը վերադառնա իր թիրախին։ «Մենք տեսանք, որ նախորդ տարվա ընթացքում գնաճն աճեց ու 2021 թվականի նոյեմբերին հասավ մինչեւ 9,6%-ի, դեկտեմբերին իջավ 7,7%, փետրվարին մենք ունեինք արդեն 6,5 % գնաճ, ինչը վկայում է, որ մենք շատ լավ գործ ենք արել գնաճային սպասումների եւ գնաճը կառավարելու առումով։ Եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ածանցվող գնաճային դրսեւրումները հաշվի չառնենք, ինչին մենք հիմա արձագանքում ենք, ապա կտեսնենք, որ Հայաստանն այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ գնաճը փետրվար ամսին նվազող տենդենց ունի։ Մեր ակնկալիքը քաղաքականության տեսանկյունից այն էր, որ 2022 թվականի վերջում մոտենալու էինք մեր թիրախին։ Այս իրավիճակում չենք կարող անմաս մնալ, որովհետեւ զարգացումներն ազդելու են գնաճային ֆոնի ու մարդկանց սպասումների վրա»,- ասել է նա։ 15.03.2022 | 17:05 ԿԲ նախագահ․ ՀՀ բանկային համակարգն արտաքին վճարումների խնդիր չունի Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է՝ որոշվել է, որ բոլոր գործողությունները, որոնք արվում են այսօր, ուղղված են ապագա գնաճի զսպմանը։ «Եվս մեկ կարեւոր գործոն կա, որը մեր որոշման հիմքում է՝ ռիսկի հավելավճարի որոշակի աճը։ Մինչեւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը մեր սուվերեն ռիսկի հավելավճարը մոտ 300 բազիսային կետ էր, այս պահին ոչ միայն մեր, այլ նաեւ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում այն ավելացել է մինչեւ 600 բազիսային կետ։ Սա նշանակում է, որ ներդրողները մեր իրավասությունում ներդրումներ կատարելու համար պահանջում են հավելյալ 300 բազիսային կետ, այսինքն՝ 3% ավելի եկամտաբերություն են ակնկալում, ինչն ազդում է մեր չեզոք տոկոսադրույքի վրա, այդ տոկոսադրույքի միջոցով էլ մենք պետք է որոշակի արձագանք տանք ու ապահովենք այն, ինչը շուկաները մեզանից ակնկալում են»,- ասել է ԿԲ ղեկավարը։ Անդրադառնալով տրանսֆերտներին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ ՀՀ ԿԲ նախնական գնահատականների համաձայն՝ այս տարվա ընթացքում շուրջ 20%-ի չափով նվազում կունենանք։ Tweet Դիտում՝ 2401