Բիզնեսի աճի, ֆինանսավորում ներգրավելու եւ ավելի շատ հասույթ ստանալու հարցում ձեռներեց կանանց օգնելու համար, Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ/IFC) Ճապոնիայի կառավարության հետ համագործակցելով, նոր նախաձեռնության մեկնարկ է տվել Հայաստանում։ Ծրագիրը կօգնի բարելավելու ֆինանսների մատչելիությունը կանանց սեփականությունը հանդիսացող բիզնեսի համար՝ բացահայտելով նրանց ողջ ներուժը եւ տալով երկրի տնտեսության մեջ կանանց մասնակցության ավելի մեծ հնարավորություն։IFC 2021 թ․ «Կանանց ձեռներեցությունը» հետազոտության համաձայն՝ ֆինանսների մատչելիությունը Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, հատկապես գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որոնց մեծ մասի սեփականատերը կանայք են: Ի պատասխան դրա՝ IFC-ն մշակել է կանանց սեփականությունը հանդիսացող ընկերություններին ներդրումների ներգրավման հարցում օգնելու նոր նախաձեռնություն՝ բարելավելով նրանց ձեռնարկատիրական հմտությունները եւ նրանց համար ձեռնարկատիրական ցանցերի հասանելիությունը, այդպիսով հաղթահարելով առանցքային խոչընդոտներից մեկը, որին բախվում են ձեռներեց կանայք։ Հաջորդ 11 ամիսների ընթացքում Հայաստանում կանանց սեփականությունը հանդիսացող ընկերություններին ուղղված ներդրումային պատրաստության ծրագրով նման ընկերություններին կտրամադրվեն համակցված անհատական եւ խմբային մենթորություն, քոուչինգ եւ խորհուրդներ։ Նպատակը նրանց օգնելն է ներդրումային պատրաստության ու գործարար բանակցությունների եւ վստահության բարձրացման համար առանցքային՝ միջանձնային հաղորդակցման հմտությունների բարելավման հարցում։ «Հայաստանում IFC-ի խորհրդատվական աշխատանքի նպատակը ձեռներեց կանանց անհրաժեշտ գործիքներով եւ ռեսուրսներով ապահովելն է՝ վստահությունը ու կարողությունները բարձրացնելու համար, միաժամանակ խթանելով ներառական աճը»,- ասել է IFC Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն: Ծրագրում կընդգրկվեն գործարար կապերի ստեղծման մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը գործարար նոր ցանցերի միջոցով կանանց սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների կապերի ընդլայնումն է։ Ուշադրության առանցքում կլինի փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ ֆինանսական կառույցների միջեւ կապի ստեղծումը՝ ֆինանսների սահմանափակ հասանելիության խնդիրը լուծելու համար։ Խորհրդատվական աջակցությունը միտված կլինի նաեւ օգնելու խոշոր ընկերություններին, որ մատակարարման շղթաներում ինտեգրեն կանանց՝ բարելավելով գործարար ցանցերի հասանելիությունը նրանց համար։ Ակնկալվում է, որ ծրագիրը ձեռներեց կանանց կօգնի Հայաստանում ավելի շատ աշխատատեղ ստեղծելու հարցում։ IFC-ի ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ, Երեւանում, Հայաստանի Շիրակի եւ Լոռու մարզերում։ Tweet Դիտում՝ 10460