Բորիս Ֆոկինը Ռուսաստանից Երեւան է տեղափոխվել ավելի քան հինգ տարի առաջ, բացել է Abakus մենթալ թվաբանության կենտրոնը եւ դարձել Hay’Li Human Development խորհրդատվական ընկերության համահիմնադիրը։Ֆոկինը Հայաստանի ամենավառ էքսպատներից է, նա հաջողությամբ անցել է հայաստանյան հասարակությանն ինտեգրվելու ճանապարհը եւ մոտ ապագայում չի պատրաստվում որեւէ տեղ մեկնել։ Rusbase-ի համար գրված սյունակում նա պատմել է՝ ինչպես կարելի է բիզնեսը տեղափոխել Հայաստան եւ հաստատվել երկրում։Ֆոկինի խոսքով՝ իր երեխաները ծնվել են Հայաստանում, եւ իր բոլոր բիզնես ծրագրերը կապված են մեր երկրի հետ։ «Հայաստանում դուք կարող եք ուղղակիորեն ազդել գործընթացների վրա եւ տեսնել ձեր աշխատանքի պտուղներն «այստեղ եւ հիմա»: Պարզ ասած, հինգ տարվա աշխատանքի ընթացքում դուք կկարողանաք արդյունքներ տեսնել ողջ երկրի մասշտաբներում»,- գրում է Ֆոկինը։Իր սյունակում գործարարն անդրադառնում է այնպիսի թեմաներին, ինչպիսիք են բիզնես բացելու արագությունը, բանկային համակարգի առանձնահատկությունները, հարկումը (ՏՏ ընկերությունների եւ այս ոլորտի անհատ ձեռներեցների համար), բնակարանների վարձակալությունը, ադապտացումը Հայաստանում եւ այլն։«ԱՊՀ քաղաքացիների սոցիալական եւ մշակութային ադապտացիան Հայաստանում համեմատաբար հեշտ է անցնում։ Սա ռուսախոս երկիր է։ Տեղի բնակչությունը բաց է եւ բարեհամբույր հյուրերի նկատմամբ: Երիտասարդ ու հետաքրքիր ռուսալեզու համայնքներ են ձեւավորվում»,- ասում է Բորիս Ֆոկինը։Բնակարան գտնելու հարցում նա խորհուրդ է տալիս անշարժ գույքի գներին ծանոթ գործընկերներ գտնել։ «Հիմա շուկան լցված է, թե՛ բնակարանների, թե՛ առհասարակ անշարժ գույքի առումով: Գներն աճում են աժիոտաժի վրա։ Սակայն միշտ կարելի է գտնել համարժեք գին»,- գրում է նա։Ֆոկինը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել banali.am ծառայությանը։ «Սեփականատերերը խոստանում են, որ առաջիկա 2 ամսում այն անվճար կլինի մասնավոր անձանց համար։ Նրանք ունեն բնակարանների տվյալների բազաներ անմիջապես սեփականատերերից, առանց բրոքերների եւ միջնորդավճարների: Ավելին, նրանք խոստացել են գումար չվերցնել իրենց ծառայությունների համար այս ընթացքում, որպեսզի օգնեն մարդկանց, ովքեր այժմ աջակցության կարիք ունեն»,- ասել է Ֆոկինը։Բորիս Ֆոկինի սյունակի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով (ռուսերեն լեզվով)։ Tweet Դիտում՝ 8263