Citigroup-ը ներկայացրել է Women Entrepreneurs հետազոտությունը

11.03.2022 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Citigroup #Women Entrepreneurs
Համաշխարհային ՀՆԱ-ի ծավալը կարող է աճել 1,6-2,3 տրիլիոնով (2-3%), եթե հնարավոր լինի հասնել գենդերային հավասարության կանանց կողմից հիմնադրված ընկերություններում ներդրումների առումով:

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Citigroup-ի` Women Entrepreneurs հետազոտության մեջ: Միաժամանակ, ինչպես նշվում է, կստեղծվի նաեւ 288-433 միլիոն աշխատատեղ։

Կանանց կողմից հիմնադրված կամ ղեկավարվող ձեռնարկություններին բաժին է ընկնում 2021 թվականին ԱՄՆ-ում ներդրված ընդհանուր վենչուրային կապիտալի ընդամենը 2,1%-ը, ըստ PitchBook-ի: Ֆինանսավորման պակասը մեծ խնդիր է կին ձեռներեցների համար, կարծում է Citi-ի գլոբալ հետազոտությունների բաժնի ղեկավար Էնդրյու Փիթը:

Վենչուրային կապիտալը ձեռնարկատերերի համար ֆինանսավորման կարեւոր ձեւ է: Վենչուրային կապիտալով ապահովված ընկերությունները կազմում են 1979 թվականից ի վեր հիմնադրված ԱՄՆ հանրային ընկերությունների 43%-ը՝ համաձայն 2015 թվականի Սթենֆորդի համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցի զեկույցի:

Մինչդեռ, ըստ Citi-ի, ավելի քիչ հավանական է, որ կանայք վենչուրային ֆինանսավորում ստանան: Մի կողմից, դա պայմանավորված է նրանով, որ վարկատուները հաճախ գերագնահատում են կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ռիսկը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն ներդրումների ավելի լավ շահութաբերություն, քան տղամարդկանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունները: Ներգրավված ներդրումների յուրաքանչյուր դոլարի դիմաց կանանց ստարտափները $0,78 եկամուտ են ապահովել՝ տղամարդկանց պատկանող ընկերությունների $0,31-ի դիմաց:

Մյուս կողմից, վենչուրային կապիտալի ներգրավման անհավասարությունը Citi-ն վերագրում է կին ներդրողների պակասին: 2020 թվականին կանայք կազմում էին ԱՄՆ-ում վենչուրային ֆինանսավորում տրամադրող վարկատուների 4,9%-ը: Դրա հետ մեկտեղ, ըստ PitchBook-ի, կին ներդրողները 3 անգամ ավելի հաճախ են ֆինանսավորում կանանց կողմից ղեկավարվող ընկերությունները, քան տղամարդիկ։

Միաժամանակ, գենդերային անհավասարությունը սրվում է ռասայական անհավասարությամբ: ԱՄՆ-ում աֆրոամերիկացի կին ձեռներեցները ստացել են վենչուրային կապիտալի էլ ավելի փոքր մասնաբաժին` 2009 թվականի դրությամբ ընդամենը 0,6%, համաձայն Project DIANE ծառայության տվյալների:

Կին ձեռներեցների հնարավորություններն ընդլայնելու համար Citi-ն առաջարկում է ընկերություններին, ի թիվս այլի, համագործակցել նրանց հետ եւ նպատակներ դնել՝ աջակցելու կանանց, որոնք հանդիսանում են ինչպես ղեկավարներ ֆինանսական ոլորտում, այնպես էլ սովորական մասնագետներ:
Դիտում՝ 4993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW