Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (AIIB) հայտարարել է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ կապված բոլոր գործարքների դադարեցման մասին։Այս մասին գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով բանկի մամուլի ծառայությունը։ AIIB-ի հիմնական բաժնետերը Չինաստանն է՝ 29,8% բաժնեմասով։AIIB-ն «հետեւում է իրավիճակին» եւ գնահատում դրա ազդեցությունն իր գործունեության վրա, իսկ բանկի ղեկավարությունն անում է ամեն ինչ ֆինանսական ամբողջականությունը պաշտպանելու համար «փոփոխվող տնտեսական եւ ֆինանսական իրավիճակի ֆոնին»:«Այս հանգամանքներում եւ, ելնելով բանկի շահերից, ղեկավարությունը որոշել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ կապված բոլոր գործարքները կդադարեցվեն եւ կվերանայվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ Ռուսաստանը բանկի խոշորագույն բաժնետերերից է, նրա մասնաբաժինը կազմում է 6,5%։ Նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը AIIB-ի կառավարման խորհրդի անդամ է։ Բացի Ռուսաստանից եւ Չինաստանից, բանկի բաժնեմասերը պատկանում են նաեւ Հնդկաստանին (8,4%) եւ այլ երկրներին։Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը ստեղծվել է 2016 թվականին Պեկինի առաջարկով՝ ենթակառուցվածքային նախագծերը ֆինանսավորելու նպատակով։ Ըստ տնտեսական զարգացման նախարարության տվյալների՝ ռուսաստանյան նախագծեր բանկի պորտֆելում չեն եղել։ Tweet Դիտում՝ 2511