Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ «Հաջողված եւ աճի պոտենցիալ ունեցող ծրագրերում ներդրումները հավելյալ տնտեսական արդյունք են ապահովում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ զարգացման հեռանկար։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդն առավելագույնս դիվերսիֆիկացնում է իր պորտֆելային ծրագրերը՝ թե՛ ոլորտների եւ թե՛ աշխարհագրության առումով։ «Ապագա Փրոջեքթս»-ի հետ համատեղ նախաձեռնությունը կարեւոր է հատկապես մարզերում ժամանակակից, կենսունակ, մրցակցային ծրագրի ընդլայնման եւ համայնքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման առումով»,- ասել է ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը:«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանի խոսքով էլ՝ այս համագործակցությունը նախեւառաջ ուղղված է 200 ընտանիքից բաղկացած համայնքի զարգացմանը եւ համայնքային կյանքի բարելավմանը, այդ թվում՝ մեր մարզում աշխատատեղերի ստեղծման միջոցով։Նա նշել է, որ ԱՆԻՖ-ի եւ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ միջեւ համագործակցությունն ուղղված է լինելու «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը եւ սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաեւ «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը եւ համարային ֆոնդի ավելացմանը։Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում «Յելլ»-ը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը եւ գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։ Tweet Դիտում՝ 8116