Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ մինչեւ 2024 թվականի վերջը COVID-19 համավարակի հետեւանքով համաշխարհային տնտեսական կորուստները կկազմեն մոտ $13,8 տրիլիոն։«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՀ կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան G20 երկրների ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս առումով, ըստ նրա, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ հետագա պայքարի համար, այդ թվում՝ ապահովել բոլոր երկրների հավասար հասանելիությունը գործիքների ամբողջ շարքին, ներառյալ՝ թեստերին եւ դեղամիջոցներին։Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը եւ մատակարարման շղթաների մշտական խափանումները թուլացրել են 2022 թվականին համաշխարհային տնտեսական աճի տեմպը, ասել է Գեորգիեւան՝ հիշեցնելով, որ հունվարին ԱՄՀ-ն իջեցրեց համաշխարհային տնտեսության վերականգնման իր կանխատեսումը մինչեւ դեռեւս ուժեղ 4,4%-ի, մասնավորապես՝ պայմանավորված ԱՄՆ-ում եւ Չինաստանում աճի հեռանկարների վերագնահատմամբ։«Սակայն դրանից հետո տնտեսական ցուցիչները վկայում են 2022 թվականին աճի տեմպի թուլացման մասին՝ պայմանավորված COVID-19-ի «օմիկրոն» շտամի առաջացմամբ եւ մատակարարման շղթաներում առկա խնդիրներով, որոնք ավելի կայուն են, քան ակնկալվում էր նախկինում»,- ասել է նա:«Միաժամանակ, շատ երկրներում գնաճի տեմպերը մնում են բարձր, ֆինանսական շուկաները դարձել են ավելի անկայուն, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունը կտրուկ աճել է»,- նշել է Գեորգիեւան: 19.02.2022 | 14:59 G20 երկրների ֆինանսիստները հանդես են եկել հայտարարությամբ Նրա խոսքով՝ շատ երկրներ ստիպված կլինեն բախվել աշխարհում դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանքներին, եւ հաշվի առնելով առկա բարձր անորոշությունն ու երկրների միջեւ մեծ տարբերությունները, մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է «հստակորեն տրամաչափվի» յուրաքանչյուր պետության անհատական պայմաններին համապատասխան։«Պետք է կառավարվի հնարավոր հետեւանքների ռիսկը, հատկապես զարգացող երկրների համար։ Մենք պետք է պայքարենք գնաճի դեմ՝ վնաս չհասցնելով տնտեսական աճին»,- ասել է Գեորգիեւան։Նա նաեւ նշել է, որ համավարակի ժամանակ ծախսերի ավելացման պատճառով շատ պետությունների պարտքերի զգալի աճ է գրանցվել: «Եվ, չնայած շատ երկրներ բախվում են պարտքի աճին, մենք պետք է առաջնահերթություն տանք այն երկրներին օգնելուն, որոնք պարտքի վերակառուցման կարիք ունեն»,- հայտարարել ԱՄՀ ղեկավարը: Tweet Դիտում՝ 2213