Ընթացիկ տարվա հունվարին յուանի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում աճել է մինչեւ ռեկորդային 3,2%, վկայում են SWIFT միջազգային համակարգի տվյալները։ 2021-ի դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր 2,7%, նոյեմբերին՝ 2,14%, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Վերջին ամիսներին չինական ազգային արժույթի օգտագործման աճը պայմանավորված է, մասնավորապես, Չինաստանի պետական պարտատոմսերում արտասահմանյան ներդրումային հիմնադրամների կողմից ներդրումների ավելացմամբ, ինչպես նաեւ «Գազպրոմ նեֆտ»-ի՝ Չինաստանի տարածքում ռուսաստանյան ավիաընկերությունների չվերթերի լիցքավորման ժամանակ փոխադարձ հաշվարկները յուանի փոխարկելու որոշմամբ։ Չինաստանի Ժողովրդական բանկի (ԿԲ) ղեկավար Յի Գանը (Yi Gang) G20 երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մեկնարկի նախաշեմին իր ելույթի ժամանակ կոչ է արել զարգացող շուկաների երկրներին ավելացնել տեղական արժույթների օգտագործումը միջազգային հաշվարկներում։ Յուանի ժողովրդականության աճը կարող է աջակցել յուանով արտահայտված ակտիվներին, կարծում է Standard Chartered Bank-ի վերլուծաբան Բեքի Լյուն: Նրա գնահատմամբ՝ ներդրողների միջոցների ներհոսքը պարտատոմսերի չինական շուկա 2022 թվականին կարող է հասնել 700-800 միլիարդ յուանի ($110-126 միլիարդի): 2021 թվականին ներհոսքը կազմել է 755 միլիարդ յուան։Փորձագետը նաեւ ակնկալում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կբարձրացնի յուանի մասնաբաժինը փոխառությունների հատուկ իրավունքների (SDR) զամբյուղում՝ հուլիսին վերանայման շրջանակում:Ներկայում յուանը չորրորդն է միջազգային հաշվարկներում ամենաակտիվ օգտագործվող արժույթների շարքում: Առաջատար հանդիսացող դոլարի մասնաբաժինը հունվարին նվազել է մինչեւ 39,92% (դեկտեմբերի 40,51%-ից), եվրոյի մասնաբաժինը նվազել է մինչեւ 36,56% (36,65%-ից), ֆունտ ստերլինգինն աճել է մինչեւ 6,3% (5,89%-ից), ճապոնական իենինը՝ մինչեւ 2,79% (2,58%-ից)։ Tweet Դիտում՝ 3425