Աշխարհի խոշորագույն Binance կրիպտոբորսան $200 միլիոն է ներդնում Forbes Media հրատարակչական խմբում, որին պատկանում են ԱՄՆ-ում Forbes ամսագրի հրատարակման իրավունքները, հայտնել է առեւտրային հարթակի ներկայացուցիչը։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ գործարքի մասին առաջինը տեղեկացրել է CNBC-ն՝ վկայակոչելով աղբյուրները։Հարթակի ներկայացուցչի խոսքով՝ Binance-ը խորհրդատվություն կտրամադրի Forbes-ին Web3 ռազմավարության եւ թվային նախաձեռնությունների վերաբերյալ: Binance-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Պատրիկ Հիլմանը եւ Binance Labs-ի ղեկավար Բիլ Չինը կմիանան Forbes-ի տնօրենների խորհրդին։ Բորսան պարզաբանել է, որ իր համար Forbes-ում ներդրումներն առաջին հերթին ֆինանսական ներդրումներ են մեդիա ոլորտում. Binance-ը կարծում է, որ Web3-ը կարող է ոչ պակաս կարեւոր դեր խաղալ լրագրության եւ հրատարակչության ապագայում, քան Web2-ը, որը լուրջ ազդեցություն ունեցավ մեդիա ոլորտի վրա:«Մենք վստահ ենք, որ Forbes-ը մի վայր է, որտեղ թվային ակտիվների զարգացող աշխարհով հետաքրքրվող մարդիկ կարող են դառնալ իսկական առաջնորդներ այս ոլորտում մեր համատեղ ջանքերով»,- ասել է Binance-ի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ Forbes-ի խմբագրական քաղաքականությունը «կմնա անձեռնմխելի եւ լիովին անկախ» առեւտրային հարթակից:Forbes-ի գլխավոր տնօրեն Մայք Ֆեդերլեն իր հերթին նշել է, որ հրատարակությունը ձգտում է օգտակար տեղեկատվություն տրամադրել բլոկչեյնի եւ նոր թվային ակտիվների մասին։ «Binance-ի ներդրումների շնորհիվ մենք ունենք աշխարհի առաջատար կրիպտոբորսայի եւ բլոկչեյն ոլորտի ամենահաջողակ նորարարներից մեկի փորձն ու ռեսուրսները»,- ասել է Ֆեդերլեն՝ հավելելով, որ թվային ակտիվների աշխարհով հետաքրքրվող մարդկանց օգնությամբ Forbes-ը կարող է դառնալ առաջատար այս ոլորտում։ Tweet Դիտում՝ 2935