Խստացվում է նաեւ ծխախոտաի փոխարինիչների վաճառքն ու կարգավորումը
10.02.2022 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.smclinic-spb.ru/

Որոշման հիմնավորման համաձայն՝ «ներկայում շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող եւ նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման եւ կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն»:
Ընդունված որոշման համաձայն, Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում եւս կարգելվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ընդունված որոշումը եւ հետաքրքրվել է, թե արդյո՞ք հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը խանութներում ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի ցուցադրության արգելքի մասին իրականացվում է:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով.
«Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա»,- ասել է նա:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ բոլոր նորարարական փոխարինիչների համար հարկային կարգավորումներ պետք է լինեն:
«Սովորական ծխախոտի արտադրանքը ակցիզով հարկում ենք, բայց երբ ի հայտ են գալիս հեղուկով եւ նման եղանակներով ծխախոտի փոխարինող գործիքներ, վերջիններս նաեւ թեթեւ հարկված լինելու պատճառով հայտնվում են արտոնյալ գրավիչ պայմաններում: Մենք արդեն իսկ Էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի հետ միասին օրենքի նախագիծ ենք շրջանառում եւ շուտով կներկայացնենք նաեւ հարկային մասով լրացվող առաջարկություն»,- ասել է նախարարը:
Վարչապետն ընդգծել է բոլոր այս կարգավորումների նպատակը հանրային առողջության պահպանությունն է:
«Շատ կարեւոր է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում եւ այս ճանապարհով գնում ենք առաջ: Կարեւոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում եւ՛ ավանդական ծխախոտը, եւ՛ ծխախոտային փախարինող արտադրանքները: Կարեւոր է նաեւ, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն եւ պատշաճ ձեւով հարկվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: