ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը եւ զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջեւ ոչ խտրական, թափանցիկ եւ արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը եւ կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում: Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։ Tweet Դիտում՝ 1091