“Միկա-ցեմենտ” ՓԲԸ նոր սեփականատեր կդառնա նովոսիբիրսկյան ՌԱՏՄ հոլդինգը

18.08.2008 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Միկա-ցեմենտ” ՓԲԸ նոր սեփականատերը կդառնա նովոսիբիրսկյան ՌԱՏՄ հոլդինգը##, որի տնօրենը գործարար Էդուարդ Տարանն է, այսօր տեղեկացրել է ռուսաստանյան “Վեդոմոստի” թերթը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ՌԱՏՄ-ցեմենտ հոլդինգի” գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Վիկտոր Բելյաեւը տեղեկացրել է, որ հուլիսի սկզբին “Միկա-ցեմենտը” գնելու մտադրության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել եւ կանխավճար է կատարվել: Մինչեւ օգոստոսի 20-ը կավարտվի ընկերության գործերի ընթացիկ փորձաքննությունը, որից հետո բանկային հինգ օրվա ընթացքում կստորագրվի առքուվաճառքի պայմանագիր:

Փաթեթը, որը կգնի ՌԱՏՄ-ը, կկազմի 75% գումարած 1 բաժնետոմսից մինչ 100%, տեղեկացրել է Վիկտոր Բելյաեւը: Միաժամանակ, ընկերության այժմյան սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը թերթին տեղեկացրել է, որ գործարքի ծավալը որոշված չէ, եւ ՌԱՏՄ-ի մասնաբաժինը կարող է պակաս լինել: Գործարքի արժեքը կողմերը չեն բացահայտել, սակայն ռուսաստանյան ֆինանսական վերլուծաբանները գործարանը գնահատում են $60-120 մլն:

Միխայիլ Բաղդասարովը նաեւ տեղեկացրել է, որ գործարանի վաճառքից ստացված գումարը մտադիր է ուղղել իրեն պատկանող “Արմավիա” ավիաընկերության օդանավային պարկի ընդլայնմանը:

“Միկա-ցեմենտի” ձեռքբերումն իրականացվում է ՌԱՏՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի համաձայն մինչեւ 2014 թ-ը ընկերությունը տարեկան պետք է արտադրի 10 մլն տոննայից ոչ պակաս ցեմենտ: Վիկտոր Բելյաեւի խոսքերով, մինչեւ հաջորդ տարվա ամառը ՌԱՏՄ-ը $15-17 մլն կուղղի “Միկա-ցեմենտի” արդիականացմանը, որից հետո գործարանի նախագծային հզորությունը կկազմի 1,2 մլն տոննա: Հավելյալ արտադրանքը կմատակարարվի Ռուսաստանի եվրոպական մասին եւ, հնարավոր է, Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը: Վիկտոր Բելյաեւի կարծիքով, միայն Սոչիում հնարավոր է վաճառել տարեկան մինչեւ 800 հազար տոննա ցեմենտ:

Դիտում՝ 8789
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW