Եվրամիությունն (ԵՄ) այս շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ քննարկելու Անդրադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Financial Times-ի աղբյուրները։Ըստ նրանց, այս շաբաթ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովի եւ բնապահպանության ու բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւի հետ։«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները նվիրված կլինեն Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում Ադրբեջանի դերին: Սա ներառում է Անդրադրիատիկ գազատարով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը։ TAP-ի հզորությունը ներկայումս կազմում է տարեկան մոտ 10 մլրդ խ․մ․, Ադրբեջանը կայուն եւ հուսալի մատակարար է ԵՄ-ում»,- ասել է ԵՄ անանուն ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը:Ինչպես ընդգծել է թերթը, Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հնարավոր ավելացման շուրջ քննարկումներն ակտիվացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ լարվածության լույսի ներքո։ Ավելի վաղ մի շարք արեւմտյան լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ուկրաինա ռուսական հիպոթետիկ ներխուժման դեպքում ԵՄ-ն պատրաստ է կոշտ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, որոնք ենթադրում են «Հյուսիսային հոսք-2» գազատարից հրաժարվելը։Նման սցենարի դեպքում Բրյուսելում հնարավոր են համարում, որ Ռուսաստանը որպես պատասխան միջոց կարող է նվազեցնել գազի մատակարարումները Եվրոպա, ինչը սպառնում է Հին աշխարհում էներգետիկ ճգնաժամով: Հնարավոր կրիտիկական իրավիճակը կանխելու համար ԵՄ-ն բանակցում է վառելիքի այլընտրանքային մատակարարների, այդ թվում՝ Քաթարի հետ, նրանցից գազի գնումներն ավելացնելու շուրջ։878 կմ երկարությամբ եւ €4,5 միլիարդ արժողությամբ TAP-ի շինարարությունը սկսվել էր 2016 թվականի մայիսին։ Խողովակաշարի սկզբնական հզորությունը տարեկան 10 մլրդ խ․մ․ է՝ կրկնապատկման հնարավորությամբ։Գազատարի բաժնետերերն են բրիտանական BP ընկերությունը (20% բաժնեմաս), ադրբեջանական SOCAR-ը (20%), իտալական Snam-ը (20%), բելգիական Fluxys-ը (19%), իսպանական Enagas-ը (16%), շվեյցարական Axpo-ն (5%)։ Tweet Դիտում՝ 1556