PwC. տնտեսության ծավալով Չինաստանն այս տարի առաջին անգամ կգերազանցի ԵՄ-ին

27.01.2022 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC #Չինաստան #Հնդկաստան
PricewaterhouseCoopers-ի (PwC) կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին Չինաստանն առաջին անգամ տնտեսության ծավալով կգերազանցի Եվրամիությանը (ԵՄ), հաղորդում է RBC-ն։

Ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ Չինաստանը միջնաժամկետ հեռանկարում կպահպանի այդ դիրքը։ Կանխատեսվում է նաեւ, որ Չինաստանն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ միասին կմնա խոշորագույն երեք տնտեսական բլոկներից մեկը:

Բացի այդ, Հնդկաստանի տնտեսությունը կարող է աճել մինչեւ $3 տրիլիոն, իսկ Սահարայից հարավում գտնվող Աֆրիկայի երկրների բոլոր տնտեսությունները կարող են հասնել $2 տրիլիոնի:

PwC-ն ակնկալում է, որ 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5%։ Հիմնական սցենարը ենթադրում է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում այս տարվա առաջին եռամսյակում, ինչը հետագայում կփոխհատուցվի աճի ավելի բարձր տեմպերով: Հոռետեսական սցենարում դիտարկվում է տնտեսական ակտիվության զգալի դանդաղում կամ պոտենցիալ կրճատում Հյուսիսային կիսագնդի որոշ երկրներում առաջին եռամսյակում:

ԱՄՆ-ում 2022 թվականին տնտեսական աճը կկազմի 4,4%, Չինաստանում՝ 5,5%, Եվրոգոտում (կանխատեսումը ներառում է Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Նիդեռլանդները եւ Իսպանիան)՝ 4,4%: Ռուսաստանում 2022 թվականին իրական ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի 3%, կարծում են PwC-ում։



PwC-ում նաեւ ակնկալում են երկրներում դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի մեկնարկ։ «Մենք սպասում ենք, որ ֆինանսական պայմանները կխստանան, քանի որ զարգացած երկրների կենտրոնական բանկերը կբարձրացնեն ֆինանսավորման տոկոսադրույքները եւ կդադարեցնեն քանակական մեղմացման իրենց ծրագրերը: Այս գործընթացն արդեն սկսվել է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, սակայն այն կարող է հետաձգվել մի քանի ամսով՝ օմիկրոն շտամի ազդեցության պատճառով»,- ասված է կանխատեսման մեջ։

Ինչ վերաբերում է համաշխարհային գնաճին, ապա կանխատեսման հիմնական սցենարում նշվում է, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակից հետո առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռությունն աստիճանաբար կվերանա, իսկ ճնշումը սպառողական գների վրա կնվազի։ Էներգակիրների գները կայուն կլինեն եւ G7 երկրներում ընդհանուր գնաճի տեմպերը կնվազեն։

Հոռետեսական կանխատեսումը ենթադրում է, որ առաջարկի եւ պահանջարկի միջեւ անհավասարակշռությունը կշարունակվի եւ գների վրա ճնշումը կավելանա։ Այնուամենայնիվ, նշվում է, որ էներգակիրների գներն ավելի քիչ ճնշման տակ կլինեն։ Միաժամանակ, կանխատեսման մեջ ասվում է, որ ընդհանուր գնաճի տեմպերը դեռ ավելի բարձր կլինեն, քան հիմնական սցենարում, քանի որ մատակարարման շղթաների խաթարման պատճառով ծախսային էֆեկտը գերազանցում է էներգակիրների վրա գների իջեցումը:
Դիտում՝ 2444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW