Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)` հոկտեմբերի իր գնահատականների համեմատ, վատթարացրել է ընթացիկ տարվա համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 0,5 տոկոսային կետով։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԱՄՀ-ի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին հունվարյան զեկույցում։Հիմնադրամի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ այս տարի համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպը կկազմի 4,4%․ հոկտեմբերյան կանխատեսումներում այդ ցուցանիշը 4,9% էր։ 2023 թվականին ԱՄՀ-ն 3,8% աճ է ակնկալում։ Անցած տարի, ըստ հիմնադրամի վերլուծաբանների, համաշխարհային տնտեսությունն աճել է 5,9%-ով (ցուցանիշը չի փոխվել հոկտեմբերյան կանխատեսման համեմատ)։«Համաշխարհային տնտեսությունը 2022 թվական է մտնում ավելի թույլ վիճակում, քան նախկինում սպասվում էր: Օմիկրոն շտամի տարածման հետ մեկտեղ երկրները նորից տեղաշարժի սահմանափակումներ մտցրեցին: Էներգիայի գների աճը եւ մատակարարման խափանումները հանգեցրել են սպասվածից ավելի բարձր եւ ավելի լայն գնաճի, հատկապես՝ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ձեւավորվող շուկաներով եւ զարգացող տնտեսությամբ երկրներում: Չինաստանի անշարժ գույքի ոլորտում շարունակվող անկումը եւ մասնավոր սպառման սպասվածից ավելի դանդաղ վերականգնումը նույնպես սահմանափակում են աճի հեռանկարները»,- պարզաբանվում է զեկույցում:ԱՄՀ-ում հավելել են, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսման վատթարացումը «հիմնականում արտացոլում է աճի կանխատեսվող անկումը երկու խոշորագույն տնտեսություններում»՝ ԱՄՆ-ում եւ Չինաստանում։ Բացի այդ, զեկույցի հեղինակները նշել են, որ բավականին բարձր գնաճը կպահպանվի սպասվածից ավելի երկար՝ մատակարարման շղթաների խափանումների եւ էներգակիրների բարձր գների պատճառով։ «Գնաճը պետք է աստիճանաբար նվազի 2022 թվականին առաջարկի ու պահանջարկի անհավասարակշռության թուլացման եւ առաջատար տնտեսություններում դրամավարկային քաղաքականության շրջանակում պատասխան միջոցների կիրառման հետ մեկտեղ», - ընդգծվում է զեկույցում:Կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալը, ըստ հիմնադրամի, կարող է «նոր տնտեսական ցնցումներ առաջացնել»։ ԱՄՀ-ն մատնանշում է «գլոբալ ռիսկերի հավանականությունը, քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը մնում է բարձր, իսկ կլիմայական շարունակվող արտակարգ իրավիճակը նշանակում է, որ խոշոր աղետների հավանականությունը բարձր է մնում»:ԱՄՀ տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը զեկույցի հրապարակման առիթով հայտարարել է, որ «տնտեսական աճը դանդաղում է, քանի որ տնտեսությունը պայքարում է մատակարարման խափանումների, աճող գնաճի, ռեկորդային պարտքի եւ շարունակական անորոշության հետ»: «Համաշխարհային տնտեսության շարունակվող վերականգնումը բախվում է բազմաթիվ մարտահրավերների հետ, քանի որ սկսվում է համավարակի երրորդ տարին: Օմիկրոն շտամի արագ տարածումը հանգեցրել է բազմաթիվ երկրներում տեղաշարժի նոր սահմանափակումների եւ աշխատուժի պակասի ավելացմանը: Մատակարարման խափանումները շարունակում են ազդել տնտեսական ակտիվության վրա եւ նպաստում գնաճի բարձրացմանը՝ ավելացնելով ճնշումը՝ կապված բարձր պահանջարկի եւ սննդամթերքի ու էներգակիրների բարձր գների հետ: Ավելին, ռեկորդային պարտքը եւ աճող գնաճը սահմանափակում են շատ երկրների կարողությունները նոր տնտեսական ցնցումները վերացնելու առումով»,- նշել է նա։Ցուցանիշներ ըստ երկրներիԱՄՀ վերլուծաբանները նշում են, որ տարբեր երկրներում տնտեսության վերականգնման տեմպերը կտարբերվեն միմյանցից՝ կախված մի շարք գործոններից։ Դրանք ներառում են համավարակի հետ կապված իրավիճակը եւ դրա հետեւանքները յուրաքանչյուր առանձին երկրի տնտեսության վրա:Այսպես, զարգացած տնտեսություններով երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպն այս տարի ակնկալվում է 3,9% մակարդակում (վատթարացում 0,6 տոկոսային կետով՝ հոկտեմբերյան կանխատեսման համեմատ), իսկ 2023 թվականին՝ 2,6% (բարելավում 0,4 տոկոսային կետով)։ Մասնավորապես, ԱՄՆ-ի տնտեսությունը, ըստ գնահատականների, 2021 թվականին 5,6%-ով աճելուց հետո, 2022 թվականին կավելանա ընդամենը 4%-ով (վատթարացում 1,2 տոկոսային կետով՝ հոկտեմբերյան կանխատեսման համեմատ) եւ 2,6%-ով՝ 2023 թվականին (բարելավում 0,4 տոկոսային կետով)։2022 թվականին եվրոգոտու տնտեսության աճի կանխատեսումը վերանայվել է դեպի նվազում՝ 4,3%-ից մինչեւ 3,9%։ Հաջորդ տարի, ըստ փորձագետների, եվրոպական երկրների ՀՆԱ-ն կաճի 2,5%-ով։ Եվրոգոտու ՀՆԱ-ի աճը 2021 թվականին, ըստ նրանց հաշվարկների, կազմել է 5,2%։Ձեւավորվող շուկայով երկրների եւ զարգացող պետությունների ՀՆԱ-ի աճի տեմպերը 2022 թվականին ակնկալվում են 4,8% (վատթարացում 0,3 տոկոսային կետով՝ հոկտեմբերյան կանխատեսման համեմատ), 2023 թվականին՝ 4,7% (բարելավում 0,1 տոկոսային կետով): Այս խմբում 2022 թվականին փորձագետներն ակնկալում են ՀՆԱ-ի ամենաբարձր աճը Հնդկաստանում՝ 9%-ով։ Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը, ըստ հիմնադրամի, այս տարի կկազմի 4,8% (վատթարացում 0,8 տոկոսային կետով՝ հոկտեմբերյան կանխատեսման համեմատ), 2023 թվականին՝ 5,2% (վատթարացում 0,1 տոկոսային կետով)։ 2021 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի գնահատումների, աճել է 8,1%-ով։ Tweet Դիտում՝ 2772