Այսօր լրանում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 13 տարին: Այս ընթացքում Հաշտարարի գրասենյակ ներկայացվել է 69 628 բողոք, որից 64 352-ը վերաբերել է ֆինանսական համակարգին․ գրավոր քննության է ընդունվել 28 979 պահանջ։ Պահանջների քննության արդյունքում գործերի 63,92%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների եւ վերջիններիս ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 2 638 465 393 դրամ:«Հաշտարարի գրասենյակն ունի բարձր միջազգային ճանաչում, ինչն արձանագրվել է Համաշխարհային բանկի վերլուծություններում եւ որպես մոդել առաջարկվել Արեւմտյան Եվրոպայի եւ աշխարհի մի շարք այլ երկրների համար։ ԱՊՀ երկրների սպառողների պաշտպանության միջգերատեսչական մարմինն արձանագրել է Հայաստանի հաշտարարի ինստիտուտի օրինակով ԱՊՀ երկրներում նման ինստիտուտների ներդրման անհրաժեշտությունը։ ՀՀ օրենքի հայեցակարգի կիրառմամբ արդեն իսկ Հաշտարարի ինստիտուտ ներդրվել է ՌԴ-ում։ Ներկայումս քննարկումներ են ընթանում Ուկրաինայում, Բելառուսում եւ Ղրղզստանում հաշտարարի ինստիտուտի օրինակով նման ինստիտուտներ ներդնելու վերաբերյալ»,- նշված է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հաղորդագրության մեջ:2021թ. ընթացքում գրասենյակ ներկայացվել է 15 399 բողոք, որից 14 759-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի կողմից 2021թ. գրավոր քննության է ընդունվել 5 994 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 59,6%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 5 994 պահանջներից 394-ը 17.01.2022թ. դրությամբ դեռեւս գտնվում են քննության փուլում): Դրական ելքով գործերի 85,81%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտության գալու միջոցով: 2021թ. քննության ընդունված 5 994 գործերից 5 600-ի շրջանակում (17.01.2022թ. դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հաճախորդներին հատուցվել է 333 842 491 դրամ: «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2021թ.-ին շարունակել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հանրության ֆինանսական գրագիտության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը։ Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում «Սպառողների ֆինանսական կրթության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի շրջանակում իրականացվել են «Առցանց սեմինարներ ավագ դպրոցների աշակերտների համար», «Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում», «Ֆինանսական ճամբար», «Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին», «Հաշտ ճամբար», «Բանկային իրավունքի դատախաղ մրցույթ», «Ամառային պրակտիկայի հատուկ ծրագիր» միջոցառումները, ինչպես նաեւ կազմակերպվել են սեմինարներ բուհերի/քոլեջների ուսանողների համար»,- նշել են Հաշտարարի գրասենյակում։ 20.08.2021 | 16:37 1000 երեխա մասնակցել է Ֆինանսական հաշտարարի կրթական ծրագրին Ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ բանկերի այն մասնագետների հետ, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար, եւ «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ հանդիսացող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։Հաշտարարի գրասենյակը 2021թ. հյուրընկալել է Ղրղզստանի պատվիրակությունը Հաշտարարի գրասենյակի փորձի ուսումնասիրման եւ Ղրղզստանի Հանրապետությունում հետագայում նման կառույց ստեղծելու նպատակով: Պատվիրակության կազմում են եղել Ղրղզստանի Ազգային բանկի փոխնախագահը, բանկերի եւ վարկային կազմակերպությունների ասոցիացիաների անդամներ եւ այլ շահագրգռված կողմեր: Այցի կազմակերպիչ հանդիսացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Ղրղզստանի գրասենյակը: Հաշտարարները հրավերներ են ստացել մասնակցելու միջազգային մի շարք առցանց կոնֆերանսների ու քննարկումների եւ ներկայացրել են հայաստանյան փորձը տարբեր հարթակներում։ «2022թ. Հաշտարարի գրասենյակը նախատեսում է շարունակել «Սպառողների ֆինանսական կրթության եւ իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի իրականացումը՝ ներգրավելով տարբեր թիրախային խմբերի։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների ընթացքում Գրասենյակի մասնագետները տեղեկացնում են հաճախորդներին իրենց իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ առկա ռիսկերի մասին՝ հորդորելով նրանց զգուշանալ տարատեսակ զեղծարարություններից»,- հայտնել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից։ Tweet Դիտում՝ 1829