Այս տարի միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի անորոշությանը եւ տնտեսական պոտենցիալ մեծ ցնցումներին՝ դանդաղ վերականգնման ֆոնին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին նման կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Գլոբալ զարգացման կենտրոնում։Նրա խոսքով՝ աշխարհում աճում են տնտեսական ռիսկերը՝ կապված աճող գնաճի, մատակարարման շղթայի խաթարումների եւ հասարակական անկարգությունների հետ։ «Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ կարող են լինել ավելի շատ ցնցումներ»,- հավելել է հիմնադրամի ղեկավարը։Նա նշել է, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ այս տարի հիմնադրամին վարկերի համար դիմող երկրների թիվը կավելանա, քանի որ կենտրոնական բանկերը խստացնում են դրամավարկային քաղաքականությունը, իսկ շատ զարգացող երկրներ ավելացրել են իրենց պետական պարտքը։ Ըստ նրա՝ համավարակի հետեւանքով առաջացած երկու տարվա տնտեսական ցնցումների հետ կապված դժգոհությունը որոշ երկրներում կարող է ավելի մեծ անկարգությունների հանգեցնել:Կենտրոնական բանկերը գտնվում են «հավասարակշռության բարակ եզրի» վրա գնաճի դեմ պայքարելու եւ տնտեսության վերականգնմանն աջակցելու միջեւ, ասել է ԱՄՀ ղեկավարը։ Ավելի խստացված դրամավարկային քաղաքականության կողմնակի ազդեցությունը, հատկապես գնաճի դեմ պայքարի համար տոկոսադրույքների բարձրացումը, «կարող է յուղ լցնել ճեղքման կրակի վրա» զարգացած եւ զարգացող տնտեսությունների միջեւ: Tweet Դիտում՝ 3891