ՀԲ․ Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն մինչեւ 2023-ի ավարտը

12.01.2022 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #տնտեսություն #հեռանկարներ
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը նախորդ տարվա աճից հետո կդանդաղեն մինչեւ 2023 թվականի ավարտը՝ համավարակի, գնաճի արագացման եւ պարտքի բարձր մակարդակի ֆոնին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս կանխատեսումները բերված են Համաշխարհային բանկի  «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցում։

«2021 թվականին ինտենսիվ աճից հետո համաշխարհային տնտեսությունը թեւակոխում է ակնհայտ դանդաղման շրջան՝ COVID-19-ի հերթական շտամների տարածման նոր սպառնալիքների, ինչպես նաեւ աճող գնաճի, պարտքի եւ եկամուտների անհավասարության ֆոնին, ինչը կարող է հարվածի տակ դնել վերականգնումը ձեւավորվող շուկայով երկրներում եւ զարգացող տնտեսություններում»,- կարծում են զեկույցի հեղինակները։

Նրանց կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը զգալիորեն կդանդաղեն՝ 2021 թվականի 5,5%-ից մինչեւ 4,1%՝ 2022 թվականին եւ 3,2%՝ 2023 թվականին։

«Omicron շտամի արագ տարածումը վկայում է այն մասին, որ համավարակի բացասական ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում չի վերանա։ Բացի այդ, խոշորագույն երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունների աճի տեմպերի նկատելի դանդաղումը բացասաբար կանդրադառնա արտաքին պահանջարկի վրա ձեւավորվող շուկայով երկրներում եւ զարգացող տնտեսություններում»,- ընդգծել են Համաշխարհային բանկում։

«Համաշխարհային տնտեսությունը միաժամանակ բախվել է COVID-19-ի, գնաճի եւ քաղաքական անորոշության խնդիրներին, իսկ կառավարություններն իրենց ծախսերի մասով եւ դրամավարկային քաղաքականության մեջ ստիպված են գործել գրեթե նոր, նախկինում չհանդիպած հանգամանքներում։ Անհավասարության աճը եւ անվտանգության հետ կապված խնդիրները հատկապես ցավագին են զարգացող երկրների համար: Որպեսզի գնալով ավելի շատ երկրներ շարժվեն շահավետ տնտեսական աճի ճանապարհով, անհրաժեշտ են ողջ միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը եւ ազգային քաղաքականության միջոցների լայն շրջանակ»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը։

Փորձագետները նշում են տնտեսական աճի տեմպերի ավելացող տարբերությունը մի կողմից զարգացած, մյուս կողմից՝ ձեւավորվող շուկայով եւ զարգացող երկրների միջեւ։

Սպասվում է, որ զարգացած տնտեսություններում աճի տեմպերը կնվազեն 2021 թվականի 5%-ից մինչեւ 3,8%՝ 2022 թվականին եւ 2,3%՝ 2023 թվականին։

Ձեւավորվող շուկայով եւ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերը կնվազեն 2021 թվականի 6,3%-ից մինչեւ 4,6%՝ 2022 թվականին եւ 4,4%՝ 2023 թվականին։

«2023 թվականին բոլոր զարգացած երկրներում ամբողջությամբ կվերականգնվեն արտադրության ծավալները, մինչդեռ ձեւավորվող շուկայով եւ զարգացող երկրներում դրանք 4%-ով ցածր կլինեն այն մակարդակից, որում եղել են մինչեւ համավարակը»,- նշված է զեկույցում։
Դիտում՝ 4308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW