Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ամանորյա տոներին ընդառաջ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կազմակերպել էր «Խաղալիքների հավաք» (Toy Drive), որի արդյունքում իրականացան Տավուշի մարզի շուրջ 300 փոքրիկների ամանորյա ցանկությունները:Համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, որի շահառուներն են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներն ու ընտանիքները՝ Բանկի աշխատակիցներն այցելեցին Իջեւան, որտեղ ամանորյա խինդ ու տրամադրություն պարգեւեցին անապահով ընտանիքների երեխաներին։«Իր գործունեության ընթացքում HSBC Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համայնքների զարգացմանը նպաստող ծրագրերը, որի հրաշալի օրինակ է նաեւ այս նախաձեռնությունը։ Մեր աշխատակիցները մեծ ոգեւորությամբ էին պատրաստվում փոքրիկների հետ հանդիպմանը՝ նախօրոք գնելով այն նվերները, որոնք նրանք խնդրել էին Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակներում։ Անչափ հուզիչ էր տեսնել երեխաների ուրախությունը նվերները ստանալիս եւ գիտակցել, որ կարողացել ենք փոքրիկ տոն պարգեւել նրանց»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ 2007 թվականից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:«Հավատարիմ լինելով HSBC-ի որդեգրած քաղաքականությանն ամբողջ աշխարհում՝ մեր բանկը նույնպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրագործում է մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանում խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Ցանկանում եմ նշել, որ այս տարվա ընթացքում եւս շարունակելու ենք մեր գործունեությունն այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով ձեւավորել այնպիսի միջավայր, որտեղ ընկերությունները պատասխանատվություն են ստանձնում հանրային բարեկեցության համար»,- եզրափակել է Իրինա Սեյլանյանը։ Tweet Դիտում՝ 3601