Եվրոն՝ բարգավաճման երաշխիք. եվրոպական միասնական արժույթը 20 տարեկան է

03.01.2022 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրո #Եվրոգոտի #Եվրոխումբ
Եվրոգոտու ընդհանուր հարկաբյուջետային եւ տնտեսական քաղաքականությունը պետք է համահունչ լինի փոփոխվող գլոբալ միջավայրի նպատակներին եւ արձագանքի ապագա մարտահրավերներին:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Եվրոխմբի երկրների ֆինանսների նախարարները եվրոպական միասնական արժույթի 20-ամյակին նվիրված համատեղ հոդվածում։

«Հիմա, երբ աշխարհը վերականգնվում է համավարակից, մենք պետք է միավորենք ուժերն ու ռեսուրսները՝ օգտվելու թվային արագ փոխակերպման առավելություններից եւ հաղթահարենք կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը: Այս խնդիրներից ոչ մեկը չի կարող լուծվել երկրների կողմից միայնակ։ Եվրոն ապացույցն է այն բանի, թե ինչին կարող ենք հասնել՝ աշխատելով միասին»,- գրել են նրանք եվրոպական մի քանի լրատվամիջոցներում հրապարակված հոդվածում։

Նախարարներն ընդգծում են, որ եվրոն դարձել է եվրոպական ինտեգրման ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը՝ մարդկանց ազատ տեղաշարժի, ուսանողների փոխանակման Erasmus ծրագրի կամ ԵՄ-ում ռոմինգի վճարների վերացման հետ մեկտեղ։ «Ավելի խորը մակարդակում եվրոն արտացոլում է ընդհանուր եվրոպական ինքնությունը, խորհրդանշում ինտեգրումը որպես կայունության եւ բարգավաճման երաշխիք Եվրոպայում»,- ասված է հոդվածում։



Հեղինակները նշում են, որ 20 տարիները եվրոգոտու համար անամպ չեն եղել եւ այն ստիպված է եղել դիմակայել ճգնաժամերի։ Եվրոյի ճարտարապետությունն ի սկզբանե նախատեսված չէր սեյսմիկ ցնցումներին արձագանքելու համար, ինչպիսիք են համաշխարհային ֆինանսական եւ դրան հաջորդած սուվերեն պարտքի ճգնաժամերը: Սա հանգեցրեց եվրոգոտում կառավարման համակարգի բարեփոխմանը, ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված երկրներին աջակցության համատեղ մեխանիզմի եւ եվրոպական բանկերի համար վերահսկման ընդհանուր համակարգի ստեղծմանը: Այսինքն՝ դեպի ավելի մեծ ինտեգրում։

Այս դասերը լավ ծառայություն են մատուցել COVID-19 համավարակի ժամանակ։ Վիրուսը չի ճանաչում պետական սահմաններ եւ, հոդվածի հեղինակների կարծիքով, բացահայտել է ինչպես ԵՄ երկրների փոխկախվածության խորությունը, այնպես էլ նրանց միասնության ուժը։ Հավաքական պատասխանը ներառել է SURE ֆինանսական աջակցության սխեման, որն օգնեց պաշտպանել մոտ 31 միլիոն աշխատատեղ, եւ Եվրոպայի վերականգնման ծրագիրը՝ Next Generation EU («ԵՄ-ի հաջորդ սերունդը»): Հարկաբյուջետային քաղաքականության եւ մասնավոր հատվածի ներդրման հետ մեկ տեղ այս ծրագիրը պետք է առանցքային դեր խաղա անհրաժեշտ բարեփոխումների իրականացման եւ ներդրումների ավելացման գործում, որոնք, ըստ հոդվածի հեղինակների, «շատ երկար ժամանակ ցածր են եղել»:

Իրենց հարկաբյուջետային եւ տնտեսական քաղաքականության մեջ ԵՄ երկրները պետք է ապահովեն ֆինանսական կայունությունը, քանի որ բնակչությունը ծերանում է: Եվրոխմբի խնդիրներից նախարարները շեշտում են նորամուծություններին համընթաց քայլելու, եվրոյի միջազգային դերը խթանելու, թվային դարաշրջանին համապատասխանելու, ԵՄ-ի շրջանակում բանկային միության ամրապնդման անհրաժեշտությունը։

20 տարի առաջ՝ 2002 թվականի հունվարի 1-ին, մոտ 300 միլիոն եվրոպացիներ ստացան նոր արժույթ, որը մինչ այդ գոյություն ուներ անկանխիկ եղանակով։ Լիսաբոնից մինչեւ Հելսինկի եւ Աթենք մարդիկ սկսեցին եվրո թղթադրամներ ստանալ տեղական բանկոմատներից, սննդի եւ ծառայությունների համար վճարել եվրո մետաղադրամներով եւ արտասահման մեկնել առանց արժույթի փոխանակման:

12 ազգային արժույթներից եվրոյին անցումը պատմության մեջ իր տեսակի մեջ միակ գործարքն էր. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) տպեց ավելի քան 15 միլիարդ թղթադրամ, իսկ մինչեւ 2002 թվականի հունվարի 1-ը հատվեց մոտ 52 միլիարդ մետաղադրամ: Այժմ եվրոգոտուն մասնակից է 19 երկիր, եւ դեռ շատերը պատրաստվում են միանալ դրան առաջիկա տարիներին:
Դիտում՝ 4085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW