ԿԲ նախագահ. ֆինանսական համակարգը նպաստեց տնտեսական խնդիրների մեղմմանը

28.12.2021 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ կենտրոնական բանկ #Մարտին Գալստյան
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԿԲ-ում կայացած 2021 թվականի տարեմուտի ընդունելությանն ասել է, որ չնայած որոշակի դժվարությունների, ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել գների եւ ֆինանսական կայունությունը Հայաստանում։

«Այսպես, տարեսկզբից մենք բախվեցինք ՀՀ տնտեսություն ներթափանցած զգալի արտաքին գնաճային ճնշման։ Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի գերխնդիրն էր գների կայունությունն ապահովել տնտեսության համար նվազագույն ծախսերով։ Այդ առումով տարվա ընթացքում վարած մեր դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք շատ հավասարակշռված։

Ճիշտ է, գնաճն այսօր բարձր է մեր սահմանած նպատակային մակարդակից, բայց Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում այն աստիճանաբար կնվազի՝ մոտենալով թիրախային ցուցանիշին։ Տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափավոր բարձրացումը թույլ տվեց նախեւառաջ խուսափել գնաճի ավելի վատ սցենարից, խարսխել բնակչության գնաճային սպասումները՝ միեւնույն ժամանակ չխոչընդոտելով պահանջարկի վերականգնումը։ Եվ չնայած մոտակա ամիսներին արդեն մենք ականատես կլինենք գնաճի ցուցանիշի որոշակի նվազման, սակայն ամեն դեպքում պետք է շարունակել պահպանել զգոնությունը, քանի որ արտաքին աշխարհի գնաճը չի թուլանում, եւ գալիք տարին դեռեւս իր մեջ պարունակում է զգալի գնաճային ռիսկեր եւ մարտահրավերներ»,- նշել է Մարդին Գալստյանը։

Նրա խոսքով՝ Ֆինանսական կայունության առումով 2021 թվականը նույնպես դյուրին չէր։ 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած ցնցումները իրենց անխուսափելի ազդեցությունն ունեցան ֆինանսական համակարգի ընթացիկ տարվա արդյունքների վրա։ Տարեսկզբից, անորոշությունների զգալի աճի պարագայում, թե՛ տնտեսությունը, եւ թե՛ ֆինանսական համակարգը կրճատեցին իրենց ռիսկի ախորժակը, ինչն անդրադարձավ բանկային համակարգի վարկային ներդրումների վրա՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա Կառավարության ծրագրերով իրականացրած զգալի վարկավորումը։

«Այնուամենայնիվ մեր ֆինանսական համակարգը ոչ միայն ունակ եղավ հաղթահարել այդ դժվարությունները, այլ նույնիսկ զգալի նպաստում ունեցավ երկրի տնտեսական խնդիրների մեղմմանը։ Ֆինանսական հաստատությունները որոշակի բեռ վերցրեցին նաեւ սոցիալական խնդիրների աջակցման համար՝ ինչպես համավարակի, այնպես էլ պատերազմի հետեւանքների հաղթահարման առումով։ Կարող ենք փաստել, որ վերջին տվյալներով արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում եւ գալիք տարին մենք վստահաբար կմտնենք եւ կավարտենք ֆինանսական միջնորդության դրական զարգացումներով։

Ընդ որում, կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանում գների եւ ֆինանսական կայունությունը ապագայում նույնպես երաշխավորված է, եւ դրա գրավականը ոչ թե առանձին ցուցանիշներ են, օրինակ՝ միջազգային պահուստները, կամ բանկերի կապիտալը, այլ Կենտրոնական բանկի անձնակազմի գիտելիքն ու պրոֆեսիոնալ կարողություններն են, որոնք թույլ են տվել դիմագրավելու բազում ցնցումների եւ շատ անգամ են արժանացել մեր ներքին եւ միջազգային գործընկերների բարձր գնահատանքին»,- ասել է ԿԲ նախագահը։

2021 թվականի Կենտրոնական բանկի կարեւոր ձեռքբերումների շարքին Մարտին Գալստյանը դասել է նաեւ նոր ռազմավարությունը, որտեղ ներկայացված են Կենտրոնական բանկի առաքելությունը, տեսլականը եւ արժեքները, ինչպես նաեւ մեր կառույցի եւ քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները:

«Կցանկանայի հատուկ շեշտել մեր ռազմավարության համար անկյունաքարային հանդիսացող ֆինանսական ոլորտի թվայնացման օրակարգը։ Քսանմեկերորդ դարում թվային հասարակություն, թվային միջավայր եւ թվային հասանելիություն ունենալն այլեւս անհրաժեշտություն է եւ, կարծում եմ, թվայնացումը այն ուղին է, որը մեր քաղաքացիներին թույլ կտա օգտվել ավելի հասանելի եւ հարմար ֆինանսական ծառայություններից։ Կարծում եմ, որ թվային տնտեսություն եւ հասարակություն ձեւավորելու Կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ օրակարգը, Կառավարության առաջնորդման ներքո, կհանդիսանա ֆինանսների թվային վերափոխման հիմնաքարը եւ ուզում եմ հավաստիացնել, որ Կենտրոնական բանկը եւ ֆինանսական համակարգը ամենայն պատվախնդրությամբ է իրականացնելու իր վրա դրված բարձր պատասխանատվությունը»,- ընդգծել է Մարդին Գալստյանը։։

Նա փաստել է, որ Կենտրոնական բանկը ներկայումս թեւակոխել է վերափոխման մի նոր փուլ, «ինչն աստիճանաբար սկսում է արտահայտվել մեր գործունեության տարբեր ոլորտներում»։ «Այս ճանապարհին մենք զգում ենք մեր հասարակության, Ազգային Ժողովի եւ Կառավարության աջակցությունը եւ լիահույս ենք, որ մի քանի տարի հետո կունենանք էլ ավելի կարող, առաջադեմ, հետազոտական եւ նորարարական գերազանցության վրա հիմնված ամուր ինստիտուտ, որը կշարունակի առաջնորդել մեր տնտեսության զարգացումը գների եւ ֆինանսական կայունության ապահովման իր առաքելության ներքո»,- եզրափակել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Դիտում՝ 3065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW