Թվայնացման առաջմղման հարցն առաջարկվել է պատվիրակել Կենտրոնական բանկին

23.12.2021 | 18:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՀՀ ԿԲ #թվայնացում
Կա առաջարկ, որ թվայնացման առաջմղման հարցը պատվիրակենք Կենտրոնական բանկին՝ հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ Կենտրոնական բանկը եւ բանկային համակարգը, այսպես ասած, կենդանի հետաքրքրություն ունեն գործընթացի նկատմամբ:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին նվիրված խորհրդակցության ժամանակ:

«Մենք թվային բավական ծավալուն օրակարգ ունենք, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ունենալ: Այստեղ նաեւ որոշումներ կայացնելու խնդիր ունենք, եւ քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ գործընթացի գործակալ գերատեսչության հարցը լուծենք: Եվ կա առաջարկ, որ այդ հարցը պատվիրակենք Կենտրոնական բանկին՝ հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ Կենտրոնական բանկը եւ բանկային համակարգը, այսպես ասած, կենդանի հետաքրքրություն ունեն գործընթացի նկատմամբ:

Մանավանդ, երբ հիմա ուսումնասիրում ենք փորձը եւ փորձում ենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել գործընթացն այն երկրներում, որոնք այս ոլորտում լուրջ հաջողություններ ունեն, գալիս ենք այն եզրակացության, որ շատ կարեւոր է, որպեսզի թվային գործընթացները մարդկանց համար ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան եւ կիրառելի լինեն: Մյուս կողմից, գործընթացները զարգացնենք այնպես, որ մարդկանց համար անխուսափելի դառնա թվային պլատֆորմների հետ աշխատելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդիվ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի եւ փոխնախագահ Ներսես Երիցյանի կողմից քննարկման է ներկայացվել թվային հասարակության եւ տնտեսության ձեւավորման վերաբերյալ առաջարկը:

Նշվել է, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի, տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մարտահրավերների եւ ՀՀ թվայնացման ընթացիկ արդյունքների հիման վրա: Հիմքում էկոհամակարգի սկզբունքով էլեկտրոնային տնտեսության ձեւավորման եւ թվային լուծումների միջոցով ներառական եւ անվտանգ թվային փոխակերպման գաղափարն է:

Առաջարկվում է միջոցառումներ իրականացնել թվային բարեփոխումների, տվյալների փոխգործելիության եւ կառավարման համակարգերի ձեւավորման, էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, կիբերանվտանգության ապահովման, ինտերնետ հասանելիության բիզնես մոդելի մշակման, թվային գրագիտության եւ կարողությունների ձեւավորման, էլեկտրոնային առեւտրի եւ ծառայությունների խթանման ուղղություններով:

Արդյունքում ակնկալվում է հասարակության, տնտեսության եւ կառավարության համընթաց թվային փոխակերպում եւ ազգային թվային ծառայությունների միասնական հարթակի ձեւավորում: Նախատեսվում է գործընթացում պրոֆեսիոնալ փորձագետների ներգրավում եւ գնահատման ցուցանիշների համակարգի ներդրում, որով կչափվեն թվային տնտեսության առաջընթացը եւ դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները:  

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն. քննարկվել են թվային գործընթացի կառավարման համակարգի կառուցվածքին, ֆինանսավորման մեխանիզմներին, մասնագիտական թիմի ներգրավմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ թվային փոխակերպման կարեւորագույն առաջնահերթությունը պետք է լինի էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, թվային հարթակների փոխգործելիության եւ կիբերանվտանգության ապահովումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սկսել առաջարկի իրականացման գործընթացը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները:
Դիտում՝ 3672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW