ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ հանդիպմանն ասել է, որ նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությամբ։ «Այս ոլորտում Հայաստանն ունի բավականին մեծ գիտական ներուժ եւ փորձ․ հայ գիտնականներին հաջողվել է ջրածնից արհեստական քարեր ստանալ։ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրությունը կարող է լայն հնարավորություններ ստեղծել տնտեսության «կանաչ» աճի համար»,- ասել է նա։Վահան Քերոբյանը նշել է, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում «կանաչ» տնտեսության ձեւավորման հարցերին․ 2022թ․-ի հունվարի 1-ից եւս 3 տարով երկարաձգվեց արտոնյալ պայմաններով էլեկտրամոբիլների ներկրումը։ Կառավարությունը նաեւ դիտարկում է Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրության հնարավորությունները։ 18.11.2021 | 15:16 Էլեկտրամոբիլների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի եւս 2 տարով Անդրադառնալով «կանաչ» տնտեսության զարգացման հարցերին՝ ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց գործընկերների հետ՝ ԵՄ, ՀԲ, նախատեսում են բարձր մակարդակի «կանաչ» տնտեսության վերաբերյալ երկխոսությունների կազմակերպում եւ «կանաչ» հարթակի ստեղծում, որոնք կնպաստեն կանաչ եւ կայուն զարգացման ռազմավարության ու ճանապարհային քարտեզի մշակմանը եւ իրականացմանը:Նշվել է, որ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվում «կանաչ» տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։Հանդիպման ընթացքում կարեւորվել է համատեղ ստեղծվող կանանց ձեռնարկատիրության եւ զբաղունակության զարգացման աքսելերատորի` «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական ներուժի հզորացման ազգային պլատֆորմ»-ի դերը տնտեսության առաջընթացի մեջ։ Կառավարությունը 155 մլն ՀՀ դրամ կհատկացնի աքսելերատորի ստեղծմանը։ Աքսելերատորի նպատակն է կանանց տնտեսական ներուժի իրացումը, եւ այն ուղղված է լինելու կանանց ձեռներեցության խթանմանը եւ աշխատաշուկայում կանանց պահանջվածության մակարդակի բարձրացմանը՝ վերջիններիս մրցակցային առավելությունների ընդգծման միջոցով։«Հայաստանում տնտեսության մեջ կանանց ողջ ներուժն իրացված չէ։ Համատեղ իրականացվող ծրագրերն առավել կմեծացնեն կանանց դերը տնտեսության զարգացման գործում»,- ասել է Վահան Քերոբյանը։ Tweet Դիտում՝ 1411