Փաշինյանը խոսել է ենթակառուցվածքների եւ լոգիստիկայի կարեւորության մասին

21.12.2021 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ենթակառուցվածքներ #լոգիստիկա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, եւ հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները եւս բացառություն չեն:

«Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծել նաեւ մեր տարածաշրջանում վերջին զարգացումները եւ նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, եւ շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ»,- Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը։ Նրա խոսքով՝ համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։



ՀՀ վարչապետն ասել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները եւ լոգիստիկան։

«Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարեւորություն ենք տալիս Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու եւ տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող ուղին կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը»,- նշել է նա։

Խոսելով Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա երկու նախագիծ՝ ավտոմոբիլային եւ երկաթուղային երթուղի:

«Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ ու շատ կարեւոր է, որ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք երթուղի»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի եւ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրամիության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով Ադրբեջանի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ համաձայնության գալու հնարավորություն է առաջացել։

«Երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել, խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է, եւ հույս ունենք այդ աշխատանքն ավարտել 2-3 տարվա ընթացքում։ Պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածությունները հստակ արձանագրվեն։ Երկաթուղային հաղորդակցության բացման դեպքում կունենանք Պարսից ծոց-Սեւ ծով ամենաարդյունավետ եւ օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը եւ այն կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով՝ դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլեւ՝ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության կարեւորագույն գործոն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 1519
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW