$1 մլրդ․ վերահաստատվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխադարձ առեւտրի նշաձողը

21.12.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Իրակլի Ղարիբաշվիլի #առեւտրաշրջանառություն
Փորձելու ենք մինչեւ 2026 թվականը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հասցնել $1 միլիարդի:

Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կայացած երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ։

«2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առեւտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան $1 միլիարդի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք եւ փորձելու ենք մինչեւ 2026 թվականը մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասցնել $1 միլիարդի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այս տարվա առաջին 10 ամիսների փոխադարձ առեւտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, «բայց մենք դեռ շատ հեռու ենք $1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ»:

Վարչապետի փոխանցմամբ՝ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում ձեւավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի եւ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության խորացման կարեւորագույն նախադրյալներից է փոխվստահությունը, «որը խարսխված է երկու ժողովուրդների պատմական եղբայրության վրա»։  

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին ասել է, որ շահագրգռված են, «որ երկու երկրների միջեւ առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին՝ զարգացնելու առեւտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների եւ այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին»:

Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունը:
Դիտում՝ 1027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW