Ամերիաբանկը $20 միլիոնի նոր վարկային պայմանագրեր է կնքել

16.12.2021 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #responsAbility #GCPF
Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility»  ընկերության եւ «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» (GCPF) հետ՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:

«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում եւ ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության եւ GCP հիմնադրամի հետ: Փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը եւ հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարեւորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները եւ միեւնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա եւ խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին եւ «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը»,- նշել է ընկերության Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը:

responsAbility Investments AG ընկերություն

responsAbility ընկերությունը 2003 թ-ից ի վեր ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել զարգացող շուկաներում: Որպես ակտիվների պատասխանատու կառավարիչ` ընկերությունը հիմնականում կենտրոնանում է կլիմայի տեսանկյունից նշանակալի, սննդի կայուն արտադրության եւ ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնման ծրագրերի վրա: Ընկերությունը սերտորեն համագործակցում է տեղական շուկաների ներկայացուցիչների հետ: Այն ունի 8 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում, որոնք թույլ են տալիս ռազմավարական քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղակիորեն աջակցելու ուղղությամբ:  Ներկայումս responsAbility ընկերության ակտիվները կազմում են 3.6 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք ընկերությունը ներդրել է շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ ունեցող ավելի քան 300 ընկերությունում`աշխարհի շուրջ 80 երկրում:

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամ (GCPF)

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը Լուքսեմբուրգի օրենսդրության համաձայն գործող ներդրումային ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է զարգացող երկրներում ցածր ածխածնային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերի համար բավարար ֆինանսավորման ապահովմանը:  Այն հիմնադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության եւ միջուկային անվտանգության դաշնային նախարարության, KfW Entwicklungsbank-ի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2009 թ-ին` որպես պետություն-մասնավոր գործընկերություն: Կատալիտիկ կապիտալը տրամադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության եւ միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Միացյալ Թագավորության բիզնեսի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի եւ Դանիայի զարգացման համագործակցության ընկերության կողմից: Այլ մասնավոր եւ պետական ներդրողների թվում են ASN բանկը, Ärzteversorgung Westfalen-Lippe-ն, FMO-ն, OeEB-ը, Sparkasse Bremen-ը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) եւ Heilsarmee-ն:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին եւ ունի հստակ ձեւակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ):
Դիտում՝ 6760
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai