ՀՀ Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ 2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 9.6%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է՝ կազմելով 8.4%։«Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ վերականգնումը: Նման իրավիճակում, առաջարկի սահմանափակվածության պահպանման պարագայում հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտահայտվում է նաեւ գործընկեր երկրներում ներքին գնաճի՝ նախկին կանխատեսումների համեմատ էական ավելացմամբ: Ձեւավորված բարձր գնաճային սպասումների մեղմման եւ գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Այս պարագայում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում:ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների համաձայն տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից ավելի ցածր՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ: Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, որին ներկայումս նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը՝ պայմանավորված սպասվածի համեմատ զբոսաշրջության աճի ավելի բարձր տեմպերով: Արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների եւ պահանջարկի դրական միջավայրի պայմաններում գնահատվում է եռամսյակային բնականոն գնաճի եւ հասարակության գնաճային սպասումների՝ վերջին շրջանի կայունությունից հետո որոշակի արագացում»,- նշել են ԿԲ-ում: Հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ինչպես նաեւ գնաճային սպասումների գնահատվող զարգացումները՝ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ: ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռեւս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերեւի ուղղությամբ են եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: Tweet Դիտում՝ 1481