Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանն ասել է, որ «տնտեսության ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն»։Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններին։ «Մեր երկրների հումանիտար եւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը մեր երկրների համագործակցության տնտեսական ուղղությունը զարգացնելու համար»,- ասել է Վահան Քերոբյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրություն սկսելու հետաքրքրվածության մասին։ Ընդգծելով, որ այս հարցն այժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է, նա առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածով նախատեսված միջոցառումները։ Նա նշել է, որ առաջնահերթ է ոռոգման ջրի, ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը, հողային բարեփոխման անհրաժեշտությունը։ Նշված ոլորտներում համագործակցությունը հետաքրքրել է ֆրանսիական կողմին: Դեսպանն ասել է, որ նրանք նախատեսում են Հայաստանում գործունեություն ծավալել նաեւ արեւային էներգիայի ոլորտում եւ տեղադրել արեւային պանելներ ջրամբարների վրա։Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան, ով ասել է, որ գործակալությունն առաջիկայում նպատակ ունի օժանդակել Հայաստանին մշակույթի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Նա կարեւորել է իրենց կողմից կառուցվող Վեդու ջրամբարի՝ որակային առումներով շատ օրինակելի նախագիծ լինելը եւ նշել.«Նման նախագծերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել մարզերում, ինչպես նաեւ նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։ Գործակալությունը հետաքրքրված է նաեւ հաղորդակցության եւ գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների իրականացմամբ»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 1534