Fitch-ը վատթարացրել է Թուրքիայի վարկանիշների կանխատեսումը

04.12.2021 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Թուրքիա #կանխատեսում
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Թուրքիայի վարկանիշները՝ փոխելով դրանց կանխատեսումը «կայունից» «բացասական», հաղորդում է Finmarket-ը։

Fitch-ի փորձագետները վարկանիշների կանխատեսման վատթարացումը բացատրում են թուրքական լիրայի կտրուկ թուլացմամբ եւ երկրում գնաճի աճով` Թուրքիայի Կենտրոնական բանկի քաղաքականության հապճեպ մեղմացման եւ 2023թ․ նախագահական ընտրություններից առաջ տնտեսական խթանների աճեցման հեռանկարների ֆոնին:

«Ստեղծված իրավիճակը ռիսկեր է առաջացնում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության համար եւ կարող է մեծացնել ճնշումը արտաքին ֆինանսավորման առումով»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Թուրքիայի արտարժույթով եւ տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշները հաստատվել են «BB-», կարճաժամկետներինը՝ «B» մակարդակներում, երկրի վարկանիշի առաստաղը՝ «BB-»:

Այս տարվա սկզբից լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 46%-ով, իսկ սեպտեմբերից՝ 38%-ով, նշում է Fitch-ը։

«Բացասական իրական տոկոսադրույքները, դրամավարկային քաղաքականության կողմնորոշիչների բացակայությունը, պետական պաշտոնյաների պնդումները, որ թույլ լիրան տնտեսական զարգացման ռազմավարության մաս է, ինչպես նաեւ ուժեղացող գնաճը կշարունակեն ճնշում գործադրել թուրքական ազգային արժույթի վրա»,- նշվում է Fitch-ի հաղորդագրության մեջ:

Գործակալության փորձագետներն ակնկալում են, որ 2021 թվականի վերջում գնաճը Թուրքիայում կկազմի 25%, իսկ 2022-2023 թվականներին՝ միջինում 20%։



Banks.am-ը հիշեցնում է, որ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս փոխել էր ֆինանսների եւ գանձապետարանի նախարարին։ Լյութֆի Էլվանի փոխարեն ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակել է նրա տեղակալը՝ Նուրեդին Նեբաթին։
Դիտում՝ 4693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW