Վերջին 20 տարում համաշխարհային հարստությունը եռապատկվել է

16.11.2021 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#MGI #Չինաստան #ԱՄՆ
Վերջին երկու տասնամյակների ընթացքում համաշխարհային հարստությունը եռապատկվել է, ընդ որում Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից եւ գրավել առաջին տեղը: Այս մասին է վկայում McKinsey Global Institute-ի (MGI) վերլուծաբանների զեկույցը, գրում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Ինստիտուտն ուսումնասիրություն է անցկացրել 10 երկրներում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային եկամտի 60%-ը։ Բացի Չինաստանից ու ԱՄՆ-ից, դրանց թվում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Մեքսիկան եւ Շվեդիան։

Ըստ վերլուծաբանների եզրահանգումների՝ համաշխարհային զուտ կապիտալը 2000 թվականի $156 տրիլիոնից աճել է մինչեւ $514 տրիլիոն՝ 2020 թվականին: «Այժմ մենք ավելի հարուստ ենք, քան երբեւէ»,- ասել  MGI-ի գործընկեր Յան Միշկեն Bloomberg-ին տված հարցազրույցում:

Չինաստանին բաժին է ընկնում աճի գրեթե մեկ երրորդը՝ 2000 թվականի $7 տրիլիոնից հասնելով $120 տրիլիոնի: ԱՄՆ-ի կարողությունն ավելացել է ավելի քան երկու անգամ ($50 տրիլիոնով)` հասնելով $90 տրիլիոնի։ Գերմանիան եւ Ֆրանսիան ցույց են տվել ավելի համեստ աճ՝ $14 տրիլիոն, իսկ Մեծ Բրիտանիան՝ $7 տրիլիոն։

Երկու առաջատար երկրներում էլ ողջ հարստության ավելի քան երկու երրորդը պատկանում է տնային տնտեսությունների 10%-ին, եւ դրանց մասնաբաժինը գնալով աճում է: MGI-ի հաշվարկներով՝ համաշխարհային հարստության 68%-ը բաժին է ընկնում անշարժ գույքին: Ինչպես նշում է MGI-ը, վերջին երկու տասնամյակների ընթացքում հարստության աճը գերազանցել է համաշխարհային ՀՆԱ-ի աճը: Պատճառն անշարժ գույքի թանկացումն է, որը հրահրվել է տոկոսադրույքների նվազմամբ։

Այս ամենը հղի է կողմնակի ազդեցություններով, նշում է MGI-ը։ Անշարժ գույքի աճող գները կարող են շատ մարդկանց համար այն անմատչելի դարձնել, մեծացնել այնպիսի ֆինանսական ճգնաժամի ռիսկը, որն ի հայտ եկավ ԱՄՆ-ում 2008 թվականին: Չինաստանը կարող է նմանատիպ խնդիրների առաջ կանգնել՝ կապված Evergrande-ի նման կառուցապատողների պարտքի հետ:

Կատարյալ լուծումը կլիներ համաշխարհային հարստության հոսքը դեպի ավելի արդյունավետ ներդրումներ, որոնք մեծացնում են համաշխարհային ՀՆԱ-ն, ընդգծում է MGI-ը։ Սակայն հնարավոր է նաեւ «մղձավանջային սցենար»՝ ակտիվների գների փլուզում, ինչը կարող է  ոչնչացնել համաշխարհային հարստության մինչեւ մեկ երրորդը:
Դիտում՝ 1663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW