Էկոնոմիկայի նախարարությունը եւ շուկայի մասնակիցները տարբեր կերպ են գնահատում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

31.07.2008 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ## Մեխակ Ապրեսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրուցում ասել է, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերն ազդել են զբոսաշրջության ոլորտի վրա, սակայն բացասական հետեւանքները հաղթահարվել են ամենակարճ ժամկետներում:

Ինչպես ասել է Մեխակ Ապրեսյանը, արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում Հայաստանը “բարի անուն” ունի, եւ գարնան սկզբին Երեւանի ողբերգական իրադարձություններով պայմանավորված տուրիստական պասիվությունը տեւել է ընդամենը 1,5 ամիս: 2008 թվականին էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցերի 20 տոկոս աճ:

“Բարեւ Բարեկամ” տուրիստական ճամփորդությունների կենտրոնի ղեկավար Արմինե Մարտիրոսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով Հայաստանի տուրիստական արդյունաբերության վնասները կազմել են մոտավորապես 50-60 տոկոս, քանի որ նախօրոք պատվիրված այցելություններն անվավեր են ճանաչվել:

Երեւանյան Congress հյուրանոցի տնօրեն Կիարա Ֆիջինին ՄԵԴԻԱՄԱՔՍ–ին տեղեկացրել է, որ այս տարի հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել սակագների իջեցման հատուկ ակցիաներ անցկացնել, ինչպես նաեւ մերժել հյուրանոցի դահլիճներում քաղաքական թեմաներով միջոցառումների անցկացումը: Կիարա Ֆիջինին հույս է հայտնել, որ հաջորդ տարի իրավիճակը կկայունանա, եւ հյուրանոցը կլրացնի բաց թողածը:

“Ավարայր Էդվենչեր տուր” ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Սահակյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում անհամաձայնություն է հայտնել այն կարծիքի հետ, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ազդել է տուրիստական այցելությունների թվի վրա: Նրա խոսքերով, տուրիստական արդյունաբերության բոլոր խնդիրները միայն տնտեսական բնույթի են, եւ պետությունը պետք է խոստովանի, որ իր գործողություններով, մասնավորապես` մուտքի վիզայի արժեքի բարձրացմամբ արհեստականորեն բարձրացրել է դեպի Հյաաստան տուրիստական փաթեթների արժեքը:

Մեխակ Ապրեսյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում տուրիզմի ոլորտում գնագոյացման համակարգման ուղղությամբ, որոնցից մեկը հյուրանոցային բիզնեսի դասակարգումն է: Նրա խոսքերով, հայաստանյան 6 հյուրանոցներ անցել են համապատասխան դասակարգում:

“Ավարայր Էդվենչեր տուր” ընկերության գլխավոր տնօրենը, իր հերթին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում բացակայում են տուրիստական կարգի հյուրանոցները, իսկ գործող հյուրանոցներն առասպելական գներ են սահմանել, որոնք “վախեցնում են հյուրերին”:

Տուրիստական ընկերության տնօրենը կարծիք է հայտնել, որ պետությունը պետք է անմիջական մասնակցություն ցուցաբերի հյուրանոցային բիզնեսին` միջին կարգի հյուրանոցների շինարարության համար մրցութային կարգով հողհատկացումներ կատարելով եւ սակագների կարգավորման իրավուքն իրեն վերապահելով:

Արկադի Սահակյանը նշել է, որ Հայաստան այցելողների հիմնական մասը եվրոպական ու ասիական երկրների միջին խավի ներկայացուցիչներ են, որոնք շուտով կսկսեն նախապատվությունը տալ Թուրքիայի ճանաչողական տուրիզմին, որտեղ գները հանգստի այդ ձեւի համար անընդհատ իջնում են, իսկ սպասարկման մակարդակը` բարձրանում:

Նրա խոսքերով, այս տարի դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների աճը 5 տոկոսից ավել չի լինի, իսկ 2009 թվականին հայկական տուրիստական արդյունաբերության համար ճգնաժամային ժամանակաշրջան կսկսի:

Պատասխանելով հարցին, թե համագործակցու՞մ է արդյոք ընկերությունը էկոնոմիկայի նախարարության հետ տուրիզմի ոլորտում իրավիճակի բարելավման նպատակով, Արկադի Սահակյանն ասել է, որ վերջին 8 տարիների ընթացքում տուրիստական ընկերությունները մեկ անգամ չէ, որ իրենց առաջարկությունները ներկայացրել են նախարարությանը, սակայն գերատեսչությունն ուշադրության չի արժանացրել շուկայի մասնակիցների կարծիքը:

Դիտում՝ 6673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW