Արհեստական բանականությանը նվիրված սերիալ. Գրեֆը՝ փորձագետի դերում

12.11.2021 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գերման Գրեֆ #ԱԲ #սերիալ
Գորկու անվան կինոստուդիան թողարկում է արհեստական բանականությանը (ԱԲ) նվիրված ութ մասից բաղկացած գիտահանրամատչելի սերիալ:

Ֆիլմի պրեմիերան համընկնում է Սբերբանկի 180-ամյակի եւ ԱԲ ու տվյալների վերլուծության միջազգային կոնֆերանսի (AI Journey 2021) հետ, որը բանկն անցկացնում է այս օրերին։

Որպես փորձագետ առաջին սերիայում հանդես է գալիս «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա խոսել է ԱԲ իր ընկալման «երրորդ փուլի», տեխնոլոգիական առաջընթացի եւ ԱԲ զարգացման արդյունքում սոցիալական փոխակերպումների արագության, մարդու պատասխանատվության եւ «չշտապելու ու չվնասելու» սկզբունքի մասին»:

Գրեֆի կարծիքով՝ մենք այժմ ապրում ենք մարդկության ողջ պատմության ամենաարմատական փոխակերպումներից մեկը։ Դրա հիմնական առանձնահատկությունն արագությունն է: Այսօրվա գլխավոր բառը, որը փոխում է մեր կյանքը, «տեխնոլոգիան» է։ Իսկ այս տեխնոլոգիաների շրջանակում հիմնականն ԱԲ տեխնոլոգիան է։

«ԱԲ-ն էլ ավելի մեծ արագություն է հաղորդում արդեն իսկ ձեւավորված եւ շատ արագ շարժվող տեխնոլոգիական առաջընթացին։ Իսկ մենք ձեզ հետ՝ մարդիկ, մնացել ենք նույնը։ Մենք կենսաբանորեն չենք փոխվել: Մեր արձագանքները մնացել են նույնը: Մենք բացարձակապես ադապտացված չենք նոր արագությանը։ Ես ուզում եմ առանձնացնել «արագություն» բառը՝ որպես առանցքային գործոն։ Մենք պատրաստ չենք նման արագ փոփոխությունների։



Այսօր մասնագետների շրջանում շատ են քննադատությունները հենց «արհեստական բանականության» սահմանման վերաբերյալ։ Այն որեւէ կապ չունի «բանականություն» բնորոշման հետ։ Առայժմ սա դեռ ալգորիթմ է: Այսօր ԱԲ-ն հսկայական քանակությամբ մեթոդների եւ ալգորիթմների համադրություն է, որոնք թույլ են տալիս մեքենային որոշակի հմտություններ սովորեցնել։ Մինչ օրս այդ հմտություններն ունեն  միայն առանձնահատուկ բնույթ՝ ի տարբերություն ընդհանուր հմտություններ ունեցող մարդու»,- նշել է Սբերբանկի ղեկավարը։

Գրեֆը համոզված է՝ ԱԲ-ն չի կարող պատասխանատվություն կրել: «Պատասխանում է նա, ով դրանում կանոններ է սահմանել, այսինքն՝ մարդը։ Պատասխանատվություն կարող է կրել միայն մարդը»։

Նա գտնում է, որ «մի վնասիր» սկզբունքը պետք է ներդրված լինի ԱԲ զարգացման, դրա կիրառման եւ կարգավորման մեջ ներգրավված բոլոր մարդկանց մտքերում։ «Անհրաժեշտ է այս մարդկանց եւ հասարակագետների միացումը: Մարդկային գործունեության հումանիտար թեւի մասնագետները դեռ բավականաչափ ներառված չեն այս թեմայում։ Ինձ թվում է, որ դա պետք է տեղի ունենա ամենակարճ ժամանակահատվածում։ Գլխավորը չշտապելն ու չվնասելն է»,- եզրափակել է Գերման Գրեֆը։
Դիտում՝ 4413
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW