ԵՄ մարզային ծրագիրը մեկնարկել է Տավուշում

09.11.2021 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Տավուշ #Լոռի
Իջեւանում տեղի է ունեցել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Տավուշի մարզում։   

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար Մորթեն Հարտվիգսենը, ներկայացուցիչներ  ՀՀ կառավարությունից, Տավուշի մարզային կառույցներից, համայնքների եւ բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից,  քաղաքացիական հասարակությունից եւ կրթական ոլորտից։

Միջոցառման նպատակն էր մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին եւ հանրության լայն շերտերին ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները եւ մինչ այժմ իրականացված գործողությունները։



Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ վերահաստատելով Եվրոպական միության հանձնառությունն օժանդակելու Հայաստանում համաչափ տարածքային զարգացմանը: Նա նշել է, որ տեղական եւ մարզային զարգացումը հանդիսանում է ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններից, Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ 2021-27թթ. ԵՄ-Հայաստան համագործակցության ինդիկատիվ գործողությունների պլանի առանցքային մաս։ «ԵՄ-ն լայնածավալ ծրագրեր է իրականացրել Տավուշի մարզում՝ նպատակ ունենալով զարգացնել ՓՄՁ-ները, տուրիզմը, գյուղատնտեսությունը։ Այս ծրագիրը եւս կնպաստի համայնքների կայուն սոցիալ տնտեսական զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ երկրներում փորձարկված եւ հաջողությամբ կիրառվող «LEADER» մեթոդաբանության վրա»։

Ողջույնի խոսքում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ասել է. «Որպես ծրագրի հիմնական իրականացնող ՝ ՄԱԶԾ-ն կկիրառի տասնամյակների իր հարուստ փորձն՝ ուղղված գյուղական համայնքների զարգացմանը։ Ավելին, Հայաստանում առաջին անգամ   փորձնական կարգով կկիրառվի Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ)  մեթոդաբանությունը, որն արդյունավետորեն փորձարկվել եւ հաջողությամբ իրականացվել է եվրոպական շատ երկրներում: Մենք վստահ ենք, որ մեր գործընկերների՝ Եվրոպական միության,  Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության,  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ ազգային այլ շահագրգիռ կողմերի հետ միասին ձեռնամուխ կլինենք Հայաստանի հյուսիսային մարզերում էապես ազդեցիկ գյուղական զարգացմանը: ՄԱԶԾ-ն կապահովի ծրագրում ներգրավված համայնքների եւ բնակավայրերի բարձր ներառականությունը եւ մասնակցությունը, որոնք հետագայում կդառնան համայնքային զարգացման օրակարգերի եւ հզորացմանն ուղղված ծրագրերի ջատագովներն ու մշակողները»:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագիտական խմբի ղեկավար Մորթեն Հարտվիգսենը, ներկայացնելով կազմակերպության առաքելությունն՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը եւ պարենի ապահովությանը, նշել է, որ ՊԳԿ-ն, հանդիսանալով ծրագիրն իրականացնող կողմ, իր ջանքերն ուղղելու է դեպի ներառական համայնքային զարգացում՝ հաշվի առնելով գյուղական համայնքներում առկա հնարավորություններն ու խնդիրները եւ ապահովելով բոլոր ոլորտների ներառումը ծրագրում, մասնավորապես, ընդգրկելով փոքր եւ միջին ձեռնարկությունները ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաեւ այլ ոլորտներում։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը հույժ կարեւոր է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում։ «Հայաստանի հյուսիսային մարզերում՝ շնորհիվ Եվրոպական միության եւ այլ գործընկերների ֆինանսավորման եւ կառավարության ջանքերի, իրականացվում են բազմազան զարգացման ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ շոշափելի են։ Տավուշն, ունենալով մեծ ներուժ տուրիզմի եւ այլ բնագավառների զարգացման համար, շնորհիվ «LEADER» ծրագրի կարող է իրագործել նոր գաղափարներ եւ արձանագրել հաջողություններ, հետագայում համագործակցությունն ընդլայնելով տարածաշրջանում եւ զարկ տալով Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը տուրիզմի զարգացման բնագավառում։ Ծրագիրը նոր մշակույթ եւ մտածելակերպ կձեւավորի մարզային զարգացման համատեքստում»։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւս շեշտել է ծրագրի կարեւորությունը մարզի զարգացման համար՝ շնորհակալություն հայտնելով իրականացնող կողմերին եւ իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու եւ աջակցելու ծրագրի իրականացման գործընթացին։

Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը  կնպաստի ներառական եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու եւ Տավուշի մարզերի համայնքներում եւ բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ եւ ներգրավմամբ: Այս ամենը կիրականացվի Լոռու եւ Տավուշի համայնքներից ու բնակավայրերից վերոնշյալ   ներկայացուցիչներից կազմված Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձեւավորմամբ:

Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ   ռազմավարական ծրագրերի մշակումը,  հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձեւավորումը,  շուրջ 1000 բնակչի  համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային եւ կենտրոնական կառավարման մարմինների  70 ներկայացուցչի    հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։ Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության,  կստեղծվի  200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա     շուրջ  3000 տեղացի բնակիչ։

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի մասին

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու եւ Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը   ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը գործողությունները համակարգում է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։  

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս եւ նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ եւ բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը եւ կայունության ապահովմանը։
Դիտում՝ 2184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW