Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ամերիկյան Hertz ընկերությունը պատվիրել է 100 000 Tesla էլեկտրամոբիլ՝ Հյուսիսային Ամերիկայում հաճախորդներին վարձակալվող էլեկտրամոբիլների ամենամեծ պարկն առաջարկելու համար։ Այն նաեւ կլինի աշխարհում խոշորագույններից մեկը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Hertz-ի մամուլի ծառայությունը։ Նոր էլեկտրամոբիլները կկազմեն Hertz-ի համաշխարհային պարկի ավելի քան 20%-ը: Դրանք կհամալրեն պարկը 14 ամսվա ընթացքում, ընդ որում, Tesla Model 3 սեդանները հասանելի կլինեն վարձույթի համար ընկերության ԱՄՆ-ի գրասենյակներում եւ Եվրոպայի որոշ երկրներում արդեն նոյեմբերի սկզբից։ Model 3-ի հաճախորդներին հասանելի կլինեն Tesla-ի 3000 լիցքավորման կայաններ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Hertz-ը նախատեսում է նաեւ ենթակառուցվածք ստեղծել էլեկտրամոբիլների լիցքավորման համար՝ ընկերության ստորաբաժիններում ամբողջ աշխարհում:Bloomberg-ի աղբյուրները նշել են, որ գործարքը Tesla-ին կբերի $4.2 միլիարդ: Դա նշանակում է, որ չնայած Hertz-ը սովորաբար մեծ զեղչեր է պահանջում ավտոարտադրողներից, այս անգամ այն կվճարի էլեկտրամոբիլների գրեթե ամբողջ արժեքը: Բացի այդ, ընկերությունը սովորաբար գնում է սեդանների բազային մոդելներ, սակայն այս դեպքում որոշել է լավ կոմպլեկտավորումով էլեկտրամոբիլներ ձեռք բերել: «Tesla»-ն միակ արտադրողն է, որը կարող է մեծ ծավալով էլեկտրամոբիլներ արտադրել»,- գործակալությանն ասել է Hertz-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ֆիլդսը։Bloomberg-ը նշում է, որ Hertz-ի պատվերը կազմում է ներկայումս Tesla-ի մեկ տարվա արտադրանքի 1/10-րդ մասը: Գործարքի մասին լուրերի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերը նախօրեին թանկացել էին 4,8%-ով եւ հասել ռեկորդային $949-ի՝ մեկ արժեթղթի դիմաց, իսկ ընկերության կապիտալիզացիան մոտեցել $1 տրիլիոնի: Tweet Դիտում՝ 2770