Նախարար. Պարտքի կառավարումը պետք է լինի անվտանգ մակրոտնտեսական տեսանկյունից

25.10.2021 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #պարտք #բյուջե
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասել է, որ 2022 թվականը լինելու է հարկաբյուջետային կանոնների վերականգնման կամ դրանց վերադարձի տարի, քանի որ «երկու տարի շեղված ենք եղել հարկաբյուջետային կանոններից, իհարկե, օրենքի սահմաններում»։

Այս մասին նախարարն ասել է Ազգային ժողովում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է գնալ պետական պարտքի հետեւողական ու շարունակաբար նվազեցման, սակայն պարտքի կառավարումը պետք է լինի այնպիսի մոտեցումներով, որոնք անվտանգ են մակրոտնտեսական տեսանկյունից։

«2020-ը համավարակի, պատերազմական գործողությունների ազդեցությամբ հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունենք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5% կազմող պետական պարտք: Այդ հանգամանքն օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում կառավարությունը ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որը երաշխավորվում է պարտքի վերադարձ 60%-ը չգերազանցող սահմաններ եւ դա արտացոլված է Կառավարության 2021-26թթ․ ծրագրում»,- ասել է նա:

Խոսելով արտաքին-ներքին պարտք կառուցվածքային փոփոխության մասին, ֆինանսների նախարարը նշել է, որ երեք տարվա համեմատության մեջ կա նկատելի փոփոխություն։

«Մենք ունենք զգալի արտաքին պարտք։ 2022թ․ ավարտին արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պարտքի 69%-ը։ Մենք ձգտում ենք ներքին պարտքի ավելացման հաշվին փոխել կառուցվածքը։ Հաջորդ տարի կամ տարեվերջին կունենանք պարտքի կառուցվածքում մոտ 31% ներքին պարտք, ինչն ազդեցություն կթողնի արժույթի վրա, արտաքին պարտքն առավելապես արտարժութային է։ Մեր ընդհանուր պարտքի կառուցվածքում 70%-ը կազմելու է արտարժութային պարտքը, մոտ 30%-ը՝ դրամով ներգրավված ներքին պարտքը»,- ասել է նա։

Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ կա ռազմավարություն, որով սահմանվել են որոշակի նվազագույն կամ առավելագույն ցուցանիշներ՝ պարտքը կառավարելի միջակայքում պահելու համար։
Դիտում՝ 1533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW