ՀՀ ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ-ում պետական եւ մունիցիպալ գնումներին

15.10.2021 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#էկոնոմիկայի նախարարություն #ԵԱՏՄ #պետգնումներ
Այս տարվա հուլիսի 1-ից հայկական ընկերությունները, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ընկերություններ, կարող են  մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական եւ մունիցիպալ գնումներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ այս հնարավորությունը ընկերություններին ընձեռվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ, որով սահմանվել են պետական եւ մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները։

Որոշումն ուղղված էր ԵԱՏՄ-ում իրականացվող պետական եւ մունիցիպալ գնումներին անդամ պետությունների տնտեսվարողների համար մասնակցության հավասար պայմանների ստեղծմանը, ինչը լավ հնարավորություն է վերջիններիս համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկայում, ինչպես նաեւ ներդրումներ ներգրավելու:

Սա հնարավորություն է ստեղծում հայկական ընկերություններին մասնակցելու ընդհանուր $135․32 մլրդ ծավալով պետական գնումների ԵԱՏՄ անդամ երկրներում․

- Ռուսաստանը՝ $114․94 մլրդ
- Հայաստանը՝ $0,5 մլրդ
- Ղրղզստանը՝ $0,53 մլրդ
- Բելառուսը՝ $2,46 մլրդ
- Ղազախստանը՝ $16,89 մլրդ  

Եվրասիական տնտեսական միության պետական եւ մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են հետեւյալ ոլորտները՝ հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, կահույքի եւ փայտամշակման արդյունաբերությունը, երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային եւ սառնարանային արտադրությունը, թեթեւ եւ քիմիական արդյունաբերությունը, նավաշինությունը:

Գնումներին մասնակցելու համար տնտեսվարողները պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն եւ գրանցվեն միասնական ռեեստրում: Հայաստանի ազգային ռեեստրի վարման լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ընձեռված հնարավորություններից օգտվելու կանոնները ներկայացնելու եւ մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործարար համայնքի համար նախաձեռնել է մի շարք ճանաչողական սեմինարներ եւ քննարկումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

Գործընթացին մասնակցելու, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար Հայաստանի տնտեսվարողները կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության եւ արտաքին առեւտրի վարչություն, հեռ․՝ 011 597 153, 011 597 151։
Դիտում՝ 2811
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW