Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն 2010 թվականին##, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է սոցապ նախարարությանը կից գործող “Նորք” տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:Ներկայումս աշխատանքներ են տարվում գործադիր մարմիններում առկա տեղեկատվական համակարգերի բարեփոխման ուղղությամբ. գույքագրումից հետո պարզվել է, որ դրանք ձեւավորվել են ոչ ճիշտ մեթոդական սխեմայով եւ չեն ապահովում քաղաքացիների տարրական նույնականացումը: Հայկ Չոբանյանը շեշտել է, որ էլեկտրոնային հասարակության բացակայությունը Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ճանապարհին ամենամեծ խնդիրն է: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության միայն 10 տոկոսն է կայուն կերպով օգտվում համակարգչից:“Նորք” տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարն ասել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հիմնական նպատակներն են գործադիր իշխանության բոլոր կառույցների աշխատանքների համաժամանակեցումը, պաշտոնյաների ու քաղաքացիների շփման կետերի նվազեցումը, կառավարության մատուցած ծառայությունների որակի բարձրացումը, քաղաքացիներին “թղթաբանությունից” ազատելը` գործադիր մամինների միջեւ ինտենսիվ էլեկտրոնային շփման ապահովման եղանակով:Հայկ Չոբանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ տեղային ցանցը /ինտրանետը/ թույլ է տալու իրականացնել “թղթային գործընթացների” մեծ մասը: Նա շեշտել է, որ նախատեսված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար անհրաժեշտ է փոխել հասարակության հոգեբանական վերաբերմունքը փաստաթղթերի վարման նկատմամբ եւ բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը էլեկտրոնային կառավարման ոլորտում: Կենտրոնի ղեկավարն ասել է, որ ստորագրության ու կնիքի բացակայությունը հարուցում է քաղաքացիների անվստահությունը, եւ տեղեկացրել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգում կներդրվի թվային ստորագրության փորձը, որը թույլ կտա լիարժեքորեն ձեւակերպել յուրաքանչյուր փաստաթուղթ:Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ քաղաքացիների համար էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկման հիմնական գործիքը կլինի սոցիալական քարտի համարը:Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքների վերջին փուլը նախատեսում է սոցիալական քարտերի հիման վրա ID-քարտերի ստեղծում, որոնք Հայաստանի տարածքում անձնագրի դեր կկատարեն: Հայկ Չոբանյանը նշել է, որ աշխատանքի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում էլեկտրոնային կառավարման համակարգի բազմամակարդակ պաշտպանությանը: “Նորք” կենտրոնի ղեկավարը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգը հաջողությամբ ներդրվել է Հայաստանի սոցապ նախարարությունում եւ թույլ է տվել էակապես կրճատել ծախսերը: Tweet Դիտում՝ 5342