YerevanExpo ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումը։ Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից եւ այլ երկրներից։ Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաեւ B2B հանդիպումներ։«Հայաստանի կառավարությունն ընդունել է 2021-2026թթ․ նոր ծրագիրը, համաձայն որի մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կառուցենք բարձր արտադրողականությամբ, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ պատրաստում է ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները, կհեշտացնեն ֆինանսական միջոցների հասանելիությունը, կխթանեն արտահանումն ու նորարարությունը, արտադրողականության բարձրացումը եւ թվային տեխնոլոգիաները։ Պետությունը կանգնած է արտադրողների կողքին եւ անելու է ամեն ինչ նրանց աջակցելու համար»,- ցուցահանդեսի բացման արարողությանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, ավտոմոբիլային արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, խնամքի միջոցներ, կաշվե արդյունաբերություն, ծառայություններ, տեքստիլ, տեխնիկա (կենցաղային, շինարարական), ոսկերչություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ կահույք։ Tweet Դիտում՝ 2012