Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «Արտահանման հիմունքները» ծրագրի շրջանակում այսօր կայացել է արտահանողների համար նախատեսված դասընթացների երրորդ՝ վերջին փուլը։ Հուլիսին մեկնարկած ծրագրին մասնակցած ավելի քան 30 հայաստանյան ձեռնարկությունների՝ միջազգային «Սենտեո» ընկերության մասնագետների օգնությամբ, ուսուցանվեց նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։ «Ուրախ ենք, որ այս ծրագիրը կարողացավ ծառայել այն նպատակներին, որոնք սահմանել էինք ի սկզբանե։ Դասընթացի երեք փուլերի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել իրենց բիզնեսը զարգացնելու տեսական ու գործնական գիտելիքներ, բայց որ ամենակարեւորն է՝ փորձի փոխանակման արդյունքում ձեւավորվել են նոր համագործակցություններ»,- նշել է ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը։««Պատրաստված է Հայաստանում» մակնշման մրցունակության բարձրացումն ԱՆԻՖ-ի ծրագրային նպատակներից մեկն է։ Գյուղատնտեսական, տեքստիլի, քիմիական արդյունաբերության, լայն սպառման այլ ապրանքների արտահանումը Հայաստանից ընդհանուր արտահանվող ապրանքների կեսից պակասն են կազմում, մինչդեռ հենց այս ապրանքների արտահանումը պետք է նպաստի հայկական ապրանքանիշների կայացմանը։ Այս չօգտագործված ներուժի զարգացմանն է ուղղված ԱՆԻՖ-ի այս ծրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ծրագրի մասնակից «Կեռաս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վիկտորիա Սուքիասյանի կարծիքով՝ հայկականն արտահանելը հեշտ չէ. «Արտաքին շուկանները շատ մրցակցային են։ Այս դասընթացն անհրաժեշտություն էր։ Ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, հմտություններ, գործընկերներ։ Դասընթացի շնորհիվ այժմ ավելի համակարգված գործունեություն կարող ենք ծավալել»։ Միջազգային փորձագետ, սեմինարավար Ալեքսեյ Վերետենովն էլ հավելել է.«Դասընթացի երեք մոդուլներին մասնակցում էին հայկական բիզնեսների հիմնադիրներ, ղեկավարներ եւ թոփ մենեջերներ։ Նախ, տպավորված եմ նրանց ակտիվ ներգրավվածությամբ ու հետաքրքրվածությամբ։ Ոգենշնչող է, որ մասնակիցները բաց ու պատրաստակամ էին իրենց բիզնեսի զարգացմանն ու աճին նպաստող փոփոխություններ անելուն։ Կարծում եմ՝ Հայաստանում արտահանումն ունի զարգացման ահռելի ներուժ, եւ վստահ եմ, որ շատ երկրներ արդեն կսկսեն դիտարկել Հայաստանը որպես ցանկալի գործընկեր»։ Tweet Դիտում՝ 1223