Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությանն ընձեռել է «EU4Digital» նախաձեռնության գործարկած էլեկտրոնային կոմերցիայի (eCommerce) պիլոտային ծրագիրը, որը գործարկվել է Եվրոպական միության կողմից։ «EU4Digital» նախաձեռնության շրջանակում Եվրոպական միությունը ձգտում է մեծացնել էլեկտրոնային առեւտրաշրջանառությունը Հայաստանի հետ: Այս նպատակին հետամուտ՝ 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին փորձարկվեց մի նորարարական լուծում՝ միտված Արեւելյան գործընկերության երկրներում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները, առաքիչ օպերատորներին եւ մաքսային մարմինները միավորելուն։ Պիլոտային «eCommerce» ծրագիրը, ենթադրում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ տվյալների ավտոմատ փոխանակման համար անհրաժեշտ գործիքակազմի ապահովում:«EU4Digital» նախաձեռնության էլեկտրոնային կոմերցիայի ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը ՀՀ ազգային փոստային օպերատորն է՝ ՀայՓոստը, որը հանդես է գալիս որպես կապող օղակ հայ ձեռնարկատերի եւ ԵՄ-ի միջեւ:«Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է մի հարթակ, որը հայ արտադրողներին եւ գործարարներին թույլ է տալիս վիրտուալ պահեստ ներմուծել իրենց արտադրանքի տվյալները: Այնուհետեւ, դրանք ավտոմատ եղանակով հասանելի են դառնում ԵՄ տարածքում գործող վաճառքի օնլայն հարթակների, փոստային օպերատորների եւ մաքսային մարմինների համար: Սրա շնորհիվ դուրս է մնում վաճառողների կողմից տվյալների բազմակի մուտքագրման եւ մաքսային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտությունը»,- Մեդիամաքս-ի Itel.am նախագծին տված հարցազրույցում պատմել է ՀայՓոստի կոմերցիոն տնօրինության ծրագրերի զարգացման փորձագետ Քրիստինե Ղուլյանը:Արեւելյան գործընկերության երկրներում ընտրվել են տեղական ընկերություններ, որոնց արտադրանքը պիլոտային ծրագրի իրականացման համար պետք է ներկայացվեր գերմանական eBay-ում: Հայաստանի պարագայում այդ հնարավորությունն ընձեռվել է «Զիլ գուլպաներ» բրենդին:Itel.am-ը ծանոթացել է ծրագրի բոլոր մանրամասներին, որոնք հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 4645