Սեպտեմբերի 10-12-ը Երեւանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Միջոցառումը նվիրված է Յունիբանկի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր: «Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում: Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ միասին, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտեւը, Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ Շիբանովը (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն եւ Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած եւ հետաքրքիր ծրագիր: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում են «Բրեյն ռինգ», «Էրուդիտ-Սեքստետ» եւ այլ մրցույթներ, ինչպես նաեւ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը: «Յունիբանկի գավաթ» փառատոնին նախատեսվում է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ այլն: Փառատոնի խաղավարն է Պավել Զաբավսկին: Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման եւ փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:«Ինտելեկտուալ խաղերի փառատոնը հիանալի միջոց է Յունիբանկի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը: Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը, արագ եւ օրիգինալ մտածողության ձեւավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու թիմային աշխատանքի եւ փոխգործակցության հմտությունների բարելավմանը», - ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: «Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը մեր երկրի մասսայականացումն է աշխարհում: Կարեւոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է»,- նշել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: Tweet Դիտում՝ 6486