ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ԵԱՏՄ էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը եւ մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»: Այս մասին նա ասել է Ղրղզստանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ «Մենք համոզված ենք, որ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծման ուղղությամբ հետեւողական եւ թափանցիկ աշխատանքը։ Մեզ հաջողվեց համաձայնեցնել նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա»,- ասել է նա:Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցին: «Կարծում ենք, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում եւ հետեւողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ: Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձեւավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի եւ փոխադարձ առեւտրում ընդհատումների առաջացումը»,- ասել է ՀՀ վարչապետը:ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի, այդ թվում՝ Միության անդամ երկրների բյուջեների միջեւ 2020թ. ներմուծվող մաքսատուրքերի գումարների հաշվառման եւ բաշխման հարցին, ԵԱՏՄ երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հնարավորություններին։ Որոշվել է ձեւավորել Միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին, Երեւանում։ Tweet Դիտում՝ 1935