«Յանդեքս»-ի ինքնավար ավտոմեքենաների բիզնեսը գնահատվել է $7 մլրդ

05.08.2021 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Morgan Stanley #«Յանդեքս» #ինքնավար ավտոմեքենաներ
«Յանդեքս»-ի ինքնավար ավտոմեքենաների մշակմամբ զբաղվող ընկերությունն ակնհայտ առաջընթաց է գրանցել իր տեխնոլոգիաների առեւտրայնացման գործում եւ գնահատվում է $7 միլիարդ:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին նշում են Morgan Stanley-ի վերլուծաբաններն իրենց A Dive into Yandex's Autonomous Vehicle Business զեկույցում:

Օգոստոսի 4 -ի դրությամբ՝ ամբողջ «Յանդեքս»-ի շուկայական կապիտալացումը կազմում է $24,1 միլիարդ:

Ըստ Morgan Stanley-ի՝ «Յանդեքս»-ի ինքնավար ավտոմեքենաների ընկերությունն աշխարհի տասը խոշոր ընկերություններից է եւ, հավանաբար, երրորդն է ընդհանուր օգտագործման ճանապարհներով անցած մղոնների քանակով:
 
Շուկայի առաջատարներն են Waymo-ն (Alphabet-ի ստորաբաժանումը) եւ Cruise-ը (պատկանում է General Motors-ին), որոնցից յուրաքանչյուրը Morgan Stanley-ի կողմից գնահատվում է $30 միլիարդ:

Ինքնավար ավտոմեքենաների ընկերությունների գնահատումը հեշտ չէ. ոլորտային խաղացողները չեն բացահայտում իրենց ֆինանսական տեղեկատվությունը, իսկ բաց աղբյուրներում եղած տվյալները դժվար է ճշգրիտ համադրել, խոստովանում են Morgan Stanley-ում:

Ինքնավար մեքենաների ընկերությունները համեմատելու համար ներդրումային բանկիրներն օգտագործել են hինգ ցուցանիշ՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով թեստային ռեժիմում անցած մղոնների քանակը, ընթացքի ժամանակ վարորդի միջամտությունն ավտոմեքենաների աշխատանքին, ավտոմեքենաների քանակը, աշխատակիցների թիվն ու արտոնագրերի քանակը:

Զեկույցում նշվում է, որ բերված հինգ ցուցանիշներից «Յանդեքս»-ը չի բացահայտում միայն վարորդների միջամտության մասին դեպքերը: Ընդհանուր առմամբ, «Յանդեքս»-ի ինքնավար մեքենաներն անցել են ավելի քան 8 միլիոն մղոն (12,87 միլիոն կմ), ընկերությունն ունի 400 աշխատակից, իսկ ինքնավար ավտոմեքենաների քանակը 170-ն է:  



«Յանդեքս»-ն ինքնավար ավտոմեքենաների նախատիպերի փորձարկումը սկսել էր 2017 թվականի գարնանը: Այս ընթացքում «Յանդեքս»-ի ներդրումներն ինքնակառավարման տեխնոլոգիաներում կազմել են 2,2 միլիարդ ռուբլի: Սեպտեմբերին ինքնավար ավտոմեքենաների ուղղությունը, որը նախկինում Yandex.Taxi-ի կազմում էր, փոխանցվեց առանձին՝ Yandex Self-Driving Group (Yandex SDG) ընկերությանը, եւ դրա համար ներդրվեց լրացուցիչ $150 միլիոն:
Դիտում՝ 2817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW