ԿԲ կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում
03.08.2021 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«2021թ. երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի արագ տեմպերով աճը: Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:
Նշված զարգացումների, ինչպես նաեւ մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն»,- նշել են ԿԲ-ում:
2021 թվականի ընթացիկ զարգացումների համաձայն ՀՀ տնտեսական ակտիվության տեմպերը որոշակիորեն գերազանցում են սպասումները՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության եւ ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։
Նշվում է, որ համախառն պահանջարկը եւս վերականգնվում է արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման աճի պահպանվող բարձր տեմպը, արտերկրից դրամական փոխանցումների սպասվածից մեծ ծավալները, ինչպես նաեւ արտաքին պահանջարկի արագ աճը։ Վերջինս արտահայտվում է նաեւ ՀՀ արտաքին հաշվեկշռի շարունակական բարելավմամբ։ Պահանջարկի նշված գործոնների զարգացումները հիմնականում նախանշում են գնաճային ազդեցությունների պահպանման մասին:
«Հաշվի առնելով արտաքին հատվածում եւ ՀՀ տնտեսությունում սպասվող մակրոտնտեսական զարգացումներն ու դրանցից ածանցվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը։ Միեւնույն ժամանակ, Խորհուրդը, հետեւողական լինելով ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացմանը, դիտարկում է առաջիկայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռեւս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: