Ոսկու նկատմամբ պահանջարկի ամենամեծ աճը գրանցվել է կենտրոնական բանկերի կողմից

30.07.2021 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#World Gold Council #ոսկի #պահանջարկ
Հիմնական սպառողների կողմից ոսկու նկատմամբ պահանջարկը հաստատուն կերպով վերականգնվում է: Այս մասին են վկայում 2021 թվականի երկրորդ եռամսյակի համար World Gold Council-ի (WGC) տվյալները, գրում է «Կոմերսանտ»-ը:

Հիմնական գնորդներ են դարձել զարգացող մի շարք երկրների կենտրոնական բանկեր: Բացի այդ, աճել է պահանջարկը մանրածախ ներդրողների կողմից, ովքեր ակտիվորեն գնում էին ձուլակտորներ եւ մետաղադրամներ:

WGC-ի տվյալներով՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային շուկայում ոսկու առաջարկի ծավալը կազմել է գրեթե 1172 տոննա՝ տարվա կտրվածքով աճելով 13%-ով: Այս աճը պայմանավորված էր բացառապես արդյունահանմամբ. այն կազմել է 924 տոննա՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 16%-ով: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում արդյունահանումն աճել է 9%-ով ՝ կազմելով 1783 տոննա:

Երկրորդ եռամսյակում ոսկու նկատմամբ պահանջարկը կազմել է մոտ 955 տոննա, ինչը 9%-ով ավել է 2021 թվականի առաջին եռամսյակից եւ, ընդհանուր առմամբ, համապատասխանում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (960 տոննա) ցուցանիշին: Սակայն այս ընթացքում պահանջարկի կառուցվածքում նկատելի փոփոխություն է տեղի ունեցել:

Նախորդ երկու եռամսյակներում պահանջարկն աճում էր հիմնականում ոսկերչական ոլորտի շնորհիվ: Ըստ WGC-ի՝ դրան բաժին է ընկել ոսկու ամբողջ սպառման 60-63%-ը: Անցած եռամսյակում այս ոլորտին բաժին է ընկել պահանջարկի միայն մեկ երրորդը՝ 391 տոննա, ինչը 60%-ով պակաս է 2020 թվականի անկումային երկրորդ եռամսյակից:

Ոսկերչական ոլորտի պահանջարկի անկումը մասամբ փոխհատուցվեց ներդրումային պահանջարկով: Ըստ WGC-ի՝ եռամսյակի ընթացքում այն աճել է 76%-ով ՝ հասնելով 284 տոննայի, միաժամանակ, մեկուկես անգամ զիջելով նախորդ տարվա ցուցանիշին:

Պահանջարկի ամենամեծ աճը գրանցվել է կենտրոնական բանկերի կողմից: Համաձայն WGC-ի գնահատականների՝ անցած եռամսյակում դրանք ձեռք են բերել գրեթե 200 տոննա պահուստներ՝ երկու անգամ ավել, քան նախորդ եռամսյակում եւ գրեթե 60%-ով ավել, քան մեկ տարի առաջ: Սա 2019 թվականից ի վեր եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն է:

Ոսկու ամենամեծ գնորդներն են Թաիլանդի (90,2 տոննա), Հունգարիայի (62 տոննա), Բրազիլիայի (53,7 տոննա), Հնդկաստանի (29 տոննա) եւ Ուզբեկստանի (25,5 տոննա) կենտրոնական բանկերը:
Դիտում՝ 2082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW