Bank of America. Կենտրոնական բանկերի թվային արժույթների ներդնումն անխուսափելի էր
29.07.2021 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկի փորձագետները հայտարարում են, որ CBDC-ները կարող են «հեռավոր ապագայում ամբողջությամբ փոխարինել կանխիկ փողը»: Նշվում է, որ կենտրոնական բանկերի շուրջ 80%-ն ուսումնասիրում է CBDC-ի օգտագործման տարբերակները, իսկ 40%-ն արդեն փորձարկում է:
Bank of America-ն ընդգծում է, որ CBDC-ի ներդնումն «անխուսափելի էր»՝ պատճառաբանելով կանխիկի դերի նվազումը, մասնավոր հատվածի կողմից բլոկչեյն տեխնոլոգիայի օգտագործման ավելացումը եւ CBDC-ների տնտեսությունը խթանելու ներուժը:
Բանկի փորձագետները կարծում են, որ սեփական թվային արժույթները չգործարկած կենտրոնական բանկերը կարող են տեսնել իրենց արժույթների նկատմամբ պահանջարկի նվազում, «որոշ դեպքերում նշանակալի», եւ «գլոբալ դերի» անկում:
Փաստաթղթում նշվում է, որ CBDC-ները որակվում են որպես փող՝ «լինելով խնայողության ու փոխանակման միջոց, ինչպես նաեւ հաշվառման միավոր», ինչը տարբերում է դրանց կրիպտոարժույթներից, որոնք «չեն համապատասխանում այդ չափանիշներին»:
Հավելենք, որ ամերիկյան կարգավորիչները մտահոգված են այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից կենտրոնական բանկի թվային արժույթի մշակման հարցում: Իշխանության ներկայացուցիչներն այս թեման քննարկել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության, միջազգային զարգացման եւ արժութային քաղաքականության հանձնաժողովի լսումների ժամանակ:
Քննարկման հիմնական թեման էր CDBC-ի ուղղությամբ նման դանդաղ աշխատանքի հնարավոր ազդեցությունն ԱՄՆ դոլարի դիրքի վրա համաշխարհային ասպարեզում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: