ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին։«Մենք Հայաստանում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Եվ հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, եւ բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը: Մենք պետք է մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում գինու եւ խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել եւ բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով արգենտինահայ գործարարի այցը, նշել է․«Դուք Հայաստանի Հանրապետությունում կարեւոր ներդրողներից մեկն եք եւ մասնավորապես՝ Սփյուռքի կարեւորագույն ներդրողներից մեկը Հայաստանի Հանրապետությունում: Հետեւաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաեւ ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում»: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը եւ հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել նաեւ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։ Tweet Դիտում՝ 3180